Աստծո ձեռքը շա՜տ ավելի զորավոր է, քան մեր ձեռքը․․․
Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։ Հուսով եմ, որ այն օրհնություն էր քեզ համար և զորացրեց քեզ` Տիրոջ հաղթանակները հավատքով ընդունելու և կյանքի դժվարությունները Սուրբ Հոգու զորությամբ հաղթահարելու համար։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայի 41․10)։
Սիրելի՛ Ընկեր, արդյոք գիտե՞նք ու հասկանում ենք, որ Աստծու ձեռքը շատ ավելի զորավոր է, քան մերը։
Մի օր մի երեխա էր քայլում խանութի կոնֆետների բաժնով։ Նա այնքան ուրախ ու հիացած էր նայում շուրջբոլորը, որ վաճառողը ժպտաց ու ասաց նրան․ «Գիտե՞ս, ինձ թվում է՝ դու լավ բալիկ ես։ Կարող ես մի բուռ կոնֆետ վերցնել անվճար»։ Երեխան շատ ուրախացավ ու պատասխանեց․ «Շնորհակալություն, բայց կլինի՞ Դուք վերցնեք կոնֆետն ինձ համար»։
Վաճառողը շատ զարմացավ և հարցրեց, թե ինչու երեխան չէր ուզում ինքն իր ձեռքով կոնֆետները վերցնել։ «Ձեր ձեռքը շատ ավելի մեծ է, քան իմը»,- պատասխանեց երեխան։
Մեր ձեռքն իսկապե՛ս շա՜տ փոքր է, իսկ Տիրոջ ձեռքը՝ աննկարագրելիորեն մեծ։
Տիրոջ ձեռքը բավականաչափ մեծ ու զորավոր է, որպեսզի
- Պաշտպանի քեզ (Սաղմոս 34․7),
- Օրհնի քեզ (Ծննդոց 12․2),
- Մխիթարի քեզ (Բ Կորնթացիս 1․3-4),
- Բարձրացնի քեզ (Սաղմոս 3․3),
- Ազատի քեզ քո թշնամիներից (Բ Թագավորաց 22․49)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, վստահի՛ր Նրա զորավոր և հաղթող ձեռքին։ Ապավինի՛ր Նրա գերբնական պաշտպանությանն ու առատությանը։Աղոթում եմ, որ նվիրյալ ու հավատարիմ ընթացք ունենաս Տեր Աստծու հետ ու Նրա համար։