Բժշկի՛ր քո աղոթքի կյանքը
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Աղոթքը ձանձրալի է, երբ հավատքի փոխարեն գործում է կրոնավորությունը։ Աղոթելը դժվար է, երբ երկնային Հոր հետ անկեղծ զրույցի փոխարեն այն վերածվում է հոգևոր ծիսակարգի։ Աղոթքը բեռ է դառնում մարդու համար, երբ մարդը սկսում է համեմատվել մյուսների հետ կամ նմանակել մյուս մարդկանց աղոթքի կյանքը։
Սիրելի՛ Ընկեր, աղոթքի կյանքի բժշկությունն անհնար է, եթե մենք ժամանակ չունենք Տեր Աստծո հետ առանձնանալու համար։ Եվ խոսքը այդ ժամանակի քանակի մասին չէ, այլ հարատևության ու կանոնավորության։ Առանց հատուկ ժամանակի առանձնացման և հարատևության լրջության քո աղոթքի կյանքը կմնա անկանոն ու հիվանդագին վիճակում։
«․․․երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ» (Մատթեոս 6․6):
Դու կարող ես ունկնդրել այս ուղերձը, համաձայնել Տեր Աստծու հետ շփման համար ժամանակ առանձնացնելու իմ խորհրդի հետ կամ սրտանց ընդունել աղոթքի հարցում ներքին սենյակի կարևորության մասին Տեր Հիսուսի ուսուցումը և մի քանի օր հետո մոռանալ այդ ամենը։ Եվ որպեսզի դա այդպես չլինի, այսօր առաջարկում եմ քեզ հստակ ու հաստատ որոշում կայացնել աղոթքի համար առանձին ժամանակ տրամադրելու վերաբերյալ։
Կարող ես հիշեցում դնել քո հեռախոսի մեջ, որ երեկոյան անկողին չմտնես, քանի դեռ այդ օրվա մեջ գոնե մեկ անգամ առանձին չես զրուցել քո երկնային Հոր հետ։ Այդ զրույցը կարող է լինել քո դժվարություններն ու անհանգստությունները Նրան պատմելը կամ Նրա կամքը որոշակի իրավիճակներում հարցնելը, գոհությունն ու շնորհակալությունը պատասխանված աղոթքների համար կամ որևէ մեկ այլ բան։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված մեր զորության, խաղաղության և ուրախության Աղբյուրն է։ Գնահատի՛ր Նրա ներկայության քաղցրությունը։
«Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան» (Սաղմոս 34․8):
Եթե պարբերաբար ժամանակ հատկացնես Տեր Աստծու երեսն ու Նրա կամքը փնտրելուն և աղոթքից չունենաս սխալ ակնկալիքներ, ապա շուտով ճաշակելու ես Նրա խորհուրդների, փոխանցած իմաստության և զորացման ողջ երանությունը։
«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Դուք կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով որոնեք» (Երեմիա 29․11-13):
Երբ բժշկվի քո աղոթքի կյանքը, այլևս կարիք չի լինի քեզ համոզելու, որ աղոթքի համար ժամանակ հատկացնես։ Երբ ճաշակես Տեր Աստծու ներկայության քաղցրությունը, աղոթքի համար ժամանակ հատկացնելը դառնալու է քո կյանքի առաջնահերթություններից մեկը։ Աղոթքը արտոնություն և պարգև է Աստծուց։ Ե՛կ բժշկենք մեր աղոթքի կյանքը։
Եվ չմոռանաս, որ բժշկությունը սկսվում է աղոթքի համար կանոնավոր կերպով ժամանակ հատկացնելուց։ Չհետաձգե՛ս․․․ Աստված ուզում է բժշկել քո աղոթքի կյանքը․․․