• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 26 սպտ 2026 թ.

Հաջողված աղոթքի գաղտնիքը

Հրապարակման ամսաթիվ 26 սպտ 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Մենք արդեն անդրադարձել ենք հաջողված աղոթքի չափանիշներին և գիտենք, որ իրապես հաջողված աղոթքը Տեր Աստծու ներկայության մեջ Նրանից մխիթարություն, շնորհ և օգնության զորություն ընդունելն է, որոնք օգնում են մեզ հասկանալ տվյալ իրավիճակում Տեր Աստծու կամքն ու գործել ըստ Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքի։ 

Սիրելի՛ Ընկեր, իսկ ո՞րն է հաջողված աղոթքի գաղտնիքը։ Ովքե՞ր են, որ աղոթքի կյանքում հասնում են վերը բերված չափանիշների իրականություն դառնալուն։ Ո՞ւմ աղոթքներն են հաճելի Աստծուն։ Ո՞ւմ է Նա լսում։ Ո՞ւմ է պատասխանում։ Եվ ո՞ւմ է զորացնում Իր շնորհի առատությամբ։ 

Ուզում եմ քեզ հետ կիսվել աստվածաշնչյան երեք ճշմարտություններով, որոնք քո կյանքում կբացահայտեն հաջողված աղոթքի գաղտնիքը։ 

ա․ Աստված լսում է կոտրված հոգի ունեցողներին։ «Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):

բ․ Աստված պատասխանում է արդար կյանքով ապրող աստվածավախ մարդկանց։

«Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու Նրա կամքը կատարում է, նրան լսում է» (Հովհաննես 9․31):

«Տերը մոտիկ է բոլորին, որ Իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են Իրեն։ Նա կատարում է Իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց» (Սաղմոս 145․18-19):

գ․ Աստված շնորհ է տալիս խոնարհներին։ 

«Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետրոս 5.5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, կոտրված հոգի ունենալը, արդար ու աստվածավախ կյանք ապրելը և խոնարհության վերաբերմունք ունենալը մարդու աղոթքը դարձնում են Աստծու համար հաճելի և ցանկալի։ Այո՛, Աստված Ինքն է փափագում նման մարդու հետ հաղորդակցվելու և Նրա աղոթքներին Իր կամքի համեմատ պատասխանելուն։ Աստված հստակ ասում է Իր Խոսքի մեջ, որ Իրեն հաճելի են խոնարհ, կոտրված հոգի ունեցող և Աստծու Խոսքից դողացող մարդիկ։ 

«Այսպես է ասում Տերը. «Երկինքն Իմ գահն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք Ինձ համար, և ո՞րն է Իմ հանգստյան վայրը։ Այդ բոլորը Իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե Ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին» (Եսայիա 66․1-2):

Ուզո՞ւմ ես, որ քո աղոթքը լինի հաջողված և Աստված Իր զորավոր ներկայությամբ և Իր Հոգու զորակցությամբ, քաղցրությամբ ու շնորհով լցնի քո աղոթքները։ Հիշի՛ր կոտրված հոգի ունենալու մասին։ Հիշի՛ր արդարության ու աստվածավախության կյանքով ապրելու կարևորության մասին։ Եվ հիշի՛ր խոնարհներին խոստացված աստվածաշնչյան բոլոր օրհնությունների մասին։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես