• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 24 սպտ 2026 թ.

Աղոթքը՝ որպես ձեռքբերովի հմտություն

Հրապարակման ամսաթիվ 24 սպտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Աղոթքի վերաբերյալ ուղերձների մեր շարքի մեջ ուզում եմ նաև անդրադառնալ այն պարզ ճշմարտությանը, որ աղոթքը ձեռքբերովի հմտություն է։ Այո՛, մարդը կարող է սովորել աղոթել և հմտանալ ճիշտ և արդյունավետ աղոթքի կյանք զարգացնելու մեջ։ 

Սիրելի՛ Ընկեր, ցանկացած որակ զարգացնելու և ցանկացած հմտություն սովորելու հարցում մարդը նախ պետք է հասկանա, թե ո՛րն է այդ որակի կամ հմտության հաջողվածության չափանիշը։ Հենց այստե՛ղ է, որ մարդիկ ամենաշատն են սխալվում և ձախողում են իրենց աղոթքի կյանքը, քանի որ նրանք հաջողված աղոթքն ընկալում են որպես իրենց ցանկությունների ու փափագների իրագործման միջոց։ 

Որպեսզի ավելի պարզ հասկանանք ասվածը, օգտվենք աղոթքի վերաբերյալ Տեր Հիսուսի բերած համեմատությունից։ Տերը աղոթքը համեմատում էր ծնողի հետ զավակի երկխոսության հետ։ Նա սովորեցնում էր աղոթքի մեջ լինել անկեղծ և զրուցել Աստծու հետ՝ որպես մեր երկնային Հոր։ Այժմ պատկերացրեք, որ դուք եք ծնողը, և ձեր երեխայի համար ծնողի հետ զրույցի հաջողվածության չափանիշը իր ուզածը ծնողին անել ստիպելն է։ Ինչպե՞ս իրեն կզգա մարդը, երբ սեփական երեխայի հետ զրույցից հետո լսի վերջինիս խոսքերը․ «Շա՜տ հաջողված զրույց էր, քանի որ հիմա կստանամ իմ ուզածը»։ Կամ ասի․ «Բացարձակապես անհաջող զրույց էր, քանի որ այդպես էլ չկարողացա համոզել ծնողիս, որ իմ ցանկությունները իրականություն դարձնի»։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե մենք ճիշտ ընկալենք Տեր Աստծուն ուղղված աղոթքի հաջողվածության և Նրա հետ մեր մտերմության իրական չափանիշները, ապա կկարողանանք քայլ առ քայլ մեր աղոթքի կյանքը հագեցնել հաջողված ու արդյունավետ աղոթքի հմտություններով։ 

Տեր Հիսուսի բոլոր աղոթքները պատասխանված էին, քանի որ Նա Իր սեփական կամքը չէր փնտրում, այլ՝ Իր երկնային Հոր։ Աղոթքի մեջ Նա Իր խնդրանքներն էր ներկայացնում Հորը։ Աղոթքի մեջ Նա Իր գոհությունն էր բարձրացնում առ Աստված։ Սակայն ամենակարևորն այն էր, որ Տեր Հիսուսն աղոթքի մեջ Իր բոլոր հոգսերը հանձնում էր Աստծուն և ընդունում Նրա կամքի գերակայությունն Իր կյանքում։ 

«Ես Ինքս Ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և Իմ դատաստանն արդար է, որովհետև Ես Իմ կամքը չեմ կատարում, այլ Ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 5․30):«Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ Ես եմ, և Ինքս Ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրն Ինձ սովորեցրեց, այն եմ խոսում» (Հովհաննես 8․28):

Հաջողված աղոթքի չափանիշը Տեր Աստծու ներկայության մեջ լինելն է, այլ ոչ թե մեր ուզածը Նրանից ստանալը։ Հաջողված աղոթքի չափանիշը տվյալ իրավիճակում Աստծու կամքի մասին Տեր Աստծուց լսելն ու Նրանից սովորելն է, այլ ոչ թե սեփական կամքն ու ցանկությունները Արարչին պարտադրելը։ 

Եվ եթե այսօր դու դեռ չունես արդյունավետ ու պտղաբեր աղոթքի կյանք, մի՛ հիասթափվիր ու թևաթափ մի՛ եղիր։ Ինչպես մասնագիտությունը, այնպես էլ աղոթելը պահանջում է համբերություն, աշխատանք և մշտապես սովորելու ձգտում: Եթե գիտես հաջողված աղոթքի ճիշտ չափանիշների մասին և քո ողջ սրտով ձգտես դրանք քո կյանքում իրականացած տեսնելուն, ապա Տիրոջ շնորհքով ու Նրա Հոգու զորությամբ մի օր աշակերտի քո ձգտումը տալու է իր քաղցր պտուղները։ 

«Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար» (Հռոմեացիս 8․26-27):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես