Աղոթքը՝ որպես առ Աստված քո կյանքի նվիրում
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք աղոթքի՝ որպես Աստծու հետ մտերմության ու հարազատության միջոց լինելու մասին։ Այս ուղերձի մեջ ուզում եմ միասին քննենք աղոթքի կարևոր կողմերից մեկը՝ այն խորացնում է քո նվիրումը Տեր Աստծու հանդեպ։
Սիրելի՛ Ընկեր, աղոթքը միայն խնդրելը չէ. այն ենթադրում է նվիրում՝ Աստծուն վստահելն ու Նրան հանձնվելը, ինչպես նաև գոհություն և երախտագիտություն: Արդեն խոսել եմ այն մասին, որ բավականին շատ են ինձ հանդիպած ոչ հավատացյալ մարդիկ, որոնք ապրում են իրենց սովորական կյանքով և ունեն Տեր Աստծուն ուղղված և պատասխանված աղոթքների հրաշալի վկայություններ։
Ուզում եմ հատուկ շեշտել, որ Աստված պատասխանում է ո՛չ միայն Իր Խոսքին հավատացող մարդկանց աղոթքներին, այլև բոլոր այն մարդկանց, որոնք սրտանց կխնդրեն Տեր Աստծուն ու կաղաղակեն դեպի Տերը իրենց նեղության մեջ։ Սակայն ամեն պատասխանված աղոթքից հետո Աստված ակնկալիք ունի Իր հրաշքն ու օգնությունն ընդունած մարդկանցից։
«Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ» (Ղուկաս 17.12-19):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, շատ նորմալ և ընդունելի է, երբ մարդը նեղության մեջ է և աղաղակում է դեպի Տերը։ Շատ ճիշտ և հոգևոր է, որ մենք մեր դժվարությունների ու խնդիրների մեջ մեր աչքերը ուղղում ենք Աստծուն և սպասում Նրա օգնական ձեռքի զորավոր գործերին մեր կյանքում և մեր սիրելիների կյանքում կամ մեր երկրի հետ կապված խնդիրների ժամանակ։ Սակայն իրական աղոթքի կյանք ունեցող մարդը պետք է միշտ հիշի Տեր Հիսուսի ակնկալիքը՝ գոհության ու երախտագիտության աղոթքներ ուղղել Աստծուն պատասխանված աղոթքների համար։
Գոհության ու երախտագիտության աղոթքները խորացնում են մեր նվիրումն առ Աստված։ Մենք ո՛չ միայն պետք է ուրախանանք մեր աղոթքի պատասխաններով, այլև պետք է աղոթքի մեջ հարատևենք՝ մեր շնորհակալությունը հայտնելով մեր բարի ու ողորմած Տիրոջը։
Բժշկված բորոտների պատմության մեջ Տեր Հիսուսի արձագանքը մի կարևոր աստվածաշնչյան ճշմարտություն է մեզ փոխանցում։ Տեր Հիսուսը նվիրում է ակնկալում յուրաքանչյուր մարդուց, որ իր աղոթքներին երբևէ պատասխան է ստացել Տեր Աստծուց։
Ոմանք ստանում են իրենց աղոթքների պատասխանները և մոռանում Աստծուն հնազանդ կյանք ապրելու մասին։ Իսկ ոմանք վերադառնում են իրենց խնդրին գերբնական լուծում տված Աստծու մոտ և խորը ու հաստատուն նվիրումով ընդունում Նրա գերիշխանությունն իրենց կյանքերի վրա։ Գոհության ու երախտագիտության աղոթքն օգնում է մեզ խորացնելու մեր մտերմությունը Տեր Աստծու հետ և ավելի հաստատուն դարձնելու Նրա կամքին հնազանդ կյանք ապրելու և Նրա գործը այս երկրի վրա գործելու մեր նվիրումը։