• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 21 սպտ 2026 թ.

Աստծու հետ անձնական զրույցի հրաշքը

Հրապարակման ամսաթիվ 21 սպտ 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Աղոթքի թեման շատ կարևոր է ցանկացած մարդու համար։ Ես բազմաթիվ պատմություններ եմ լսել տարբեր մարդկանցից, որոնք խոսում են աղոթքի կարևորության և գերբնական էության մասին։ Անգամ շատերը, որոնք ասում են, թե չեն հավատում Աստծուն, խոստովանում են, որ աղոթք ու աղաչանք են ուղղել Աստծուն իրենց կյանքի ծանրագույն և ճգնաժամային պահերին։ Եվ զարմանալին այն է, որ նրանք իսկ վկայում են, որ իրենց աղոթքներից շատերը պատասխանվել են։ 

Սիրելի՛ Ընկեր, մենք մեր սեփական պատկերացումներն ունենք և կարող ենք դրանց վրա հիմնվելով պատասխանել մեր հարցին՝ ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել։ Ոմանք աղոթքը ընկալում են որպես նախապես գրված կամ անգիր արած նախադասությունների արտաբերում հատուկ ծիսական կամ կրոնական միջավայրում։ Ոմանք աղոթք են համարում եկեղեցու հայրերի գրի առնված աղոթքների կրկնությունը։ Ոմանք կարծում են, թե աղոթքի մեջ հրաշագործ բառեր դնելը կամ Աստծուն ուղղված ճոխ գովասանքներ օգտագործելը իրենց աղոթքը կդարձնի լսելի։ Ոմանք էլ կարծում են, որ աղոթքը պետք է անպայման լինի ոչ մեր սովորական խոսակցական լեզվով և Աստվածաշնչի գրաբարի կամ արևմտահայերենի թարգմանությունից հատուկ բառեր են օգտագործում իրենց աղոթքի մեջ։ «Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը» (Մատթեոս 6․7-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ աղոթքը ոչ թե անգիր արած տողեր պետք է լինեն, այլ՝ Աստծու զավակների կենդանի հաղորդակցությունը իրենց երկնային Հոր հետ: Նա մեզ լավագույն օրինակ է թողել Իր իսկ աղոթքներով։

«Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր Քո Որդուն, որպեսզի Քո Որդին էլ Քեզ փառավորի․․․» (Հովհաննես 17․1):

Տեր Հիսուսի աղոթքը զրույց էր երկնային Հոր հետ։ Նրա համար աղոթքը հատուկ ծես չէր, այլ սիրո և մտերմության զրույց: Նա նույն կերպ դիմեց Հորը, երբ աղոթում էր Ղազարոսի հարության համար (տե՛ս Հովհաննես 11․41-42 հատվածը)։ Գեթսեմանի պարտեզում, երբ աղոթում էր, որ եթե հնարավոր է, Հայրը այդ բաժակն անցկացնի Իրենից (տե՛ս Մատթեոս 26.39 խոսքը)։ Նա նույն կերպով խոսում էր Հոր հետ, երբ աղոթում էր Իրեն խաչողների ներման համար։ 

«Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկաս 23.34):

Աղոթքը Աստծու զավակների զրույցն է իրենց երկնային Հոր հետ: Իսկ ի՞նչ է քե՛զ համար աղոթքը։ Ինչպե՞ս ես դու աղոթում։ Արդյոք դու առանձնանո՞ւմ ես քո երկնային Հոր հետ զրուցելու՝ բացելու քո սիրտը Նրա առջև, կիսվելու քո հոգսերով ու անհանգստություններով, խնդրելու Նրանից իմաստություն ճիշտ որոշումների համար և օգնություն դժվարին իրավիճակներում։ Արդյոք աղոթում ու շնորհակալություն հայտնո՞ւմ ես Նրան Իր բարի ձեռքի համար համար, որ մշտապես ներկա է քո կյանքում, կամ խրատող ձեռքի համար, որ քեզ հետ է պահում շատ վտանգներից։ Ի՞նչ է աղոթքը քե՛զ համար։ 

«․․․երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ» (Մատթեոս 6․6):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես