Արդարի հոգին իր Տիրոջ հետ է
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Եվ այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ միասին տեսնենք, թե ինչ է ուսուցանում մեզ Աստծու Խոսքը փրկության հանդեպ մարդու ունեցած վստահության մասին։
Սիրելի՛ Ընկեր, փրկության վստահությունը մեծագույն հույս է, որը պետք է ունենա Աստծու յուրաքանչյուր զավակ։ Սակայն այդ վստահությունը չպետք է լինի ինքնաներշնչանք, այլ՝ Աստծու Խոսքի ճշմարտության վրա հիմնված անհերքելի փաստ։
Փրկության վստահությունը մեծագույն հույս է, և մարդը պետք է կարողանա քննել իր հոգևոր վիճակն ու Տեր Հիսուսի հանդեպ ունեցած հավատքը։ Փրկության վստահությունը՝ մահից դեպի կյանք փոխադրված լինելը կախված է Տեր Աստծու և Նրա խոսքերի հանդեպ քո վերաբերմունից։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է Իմ խոսքը և հավատում է Ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել» (Հովհաննես 5․24):
Կան քրիստոնեական ուղղություններ, որոնք սովորեցնում են, թե մարդը չի կարող վստահ լինել իր փրկված լինելու հարցում, քանի դեռ չի եկել դատաստանի օրը և քանի դեռ նա չի կանգնել Տեր Հիսուս Քրիստոսի առջև, որպեսզի հաշիվ տա իր ապրած կյանքի համար։ Սակայն, ինչպես կարդացինք վերը բերված աստվածաշնչյան հատվածում, Տեր Հիսուսը ճիշտ հակառակն է սովորեցնում՝ այն մարդը, ով լսում է Նրա խոսքը և հավատում Աստծուն, հավիտենական կյանք ունի և մահից դեպի կյանք է անցել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, արդյոք դժվա՞ր է քննել սեփական անձը և տեսնել, թե ինչպե՛ս ենք մենք վերաբերվում Աստծու խոսքի փոխանցած ճշմարտություններին ու սկզբունքներին։ Արդյոք մենք ընդունո՞ւմ ենք դրանք և արդյոք հնազանդվո՞ւմ ենք Տիրոջ հրահանգներին ու պատվիրաններին։ Եթե այո, ապա ո՛չ մի կասկած չպետք է ունենանք մեր փրկված լինելու հարցում։ Իսկ եթե Նրա ասածներին լուրջ չենք վերաբերվում և ապրում ենք այս կյանքը մեր ցանկություններից ու մեր շահից բխող որոշումներով, ապա ո՛չ մի հիմք չունենք, որպեսզի վստահ լինենք մեր փրկված լինելու հարցում։
«Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոսին 2.19):
«Ոչ թե ամեն Ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"» (Մատթեոս 7:21-23)
Մեր փրկության հանդեպ վստահությունը բխում է Աստծու Խոսքին և Նրա կամքին հնազանդությունից։ Մենք գիտենք՝ մենք անիրավությունից հեռացո՞ղ ենք, թե անիրավությունն արդարացնող։ Մենք հստակ գիտենք, թե մեր որոշումները, խոսքերն ու վարքագիծը արտացոլո՞ւմ են մեր հավատքը Տեր Հիսուսի հանդեպ և մեր փափագը՝ հնազանդվելու Տեր Աստծու կամքին՝ ինչ գին էլ պահանջվի դրա համար։
Մենք գիտենք մեր ներսում այս հարցերի պատասխանը և կարող ենք վստահաբար եզրահանգում կատարել մեր փրկված լինելու կամ ապաշխարելու և փրկվելու կարիքի մասին։
Եթե դու հավատքով ընդունել Տեր Աստծու փրկարար պարգևը, ապա երբե՛ք չկասկածես քո փրկված լինելու հարցում։
«Եվ Ես Ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան Ինձ, Հա՛յր, ում Ինձ տվեցիր, ուզում եմ, որ Ինձ հետ լինեն, որտեղ Ես եմ, որպեսզի Իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ Ինձ տվեցիր. որովհետև Ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը» (Հովհաննես 17․19-20,24):
Երբե՛ք չկորցնես փրկության վստահությունը, եթե հավատում ես Տեր Հիսուսի ուսուցումներին։ Տերը աղոթում էր Հորը, որպեսզի Իր աշակերտները սրբացվեն, ու նրանց համար ասում՝ ուզում եմ, որ Ինձ հետ լինեն, որտեղ Ես եմ։