• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2026 թ.

Ե՞րբ է որոշվում հոգու փրկությունը

Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Քանի որ մեր նախորդ ուղերձների մեջ մանրամասնորեն անդրադարձանք ֆիզիկական մահից հետո յուրաքանչյուր մարդուն սպասող իրողությունների մասին Տեր Հիսուսի ուսուցումներին և տեսանք, որ Տերը հստակ ուսուցանում էր դրախտի՝ հավիտենական երանության, և դժոխքի ու կրակե լճի՝ հավիտենական տանջանքի վայրերի մասին, ապա այս իրողությունների մասին Տեր Հիսուսի խոսքերին հավատացող մարդը պետք է բնական հարց ունենա՝ իսկ ե՞րբ և ինչպես է որոշվում մարդու հոգու փրկությունը։ 

Սիրելի՛ Ընկեր, արդեն ավելի քան ութ տարի ես վարում եմ «Պատասխաններ» անվանումը կրող ծրագիրը, որի շրջանակներում ուղիղ եթերում պատասխանում եմ եթերին մասնակցող մարդկանց տված հարցերին։ Անշուշտ, այդ պատասխանները ես միշտ ձգտում եմ հիմնավորել Աստվածաշնչով։ Ծառայության սկզբում և հիմա էլ երբեմն հանդիպում եմ հարցերի, որոնց պատասխանը հստակ ու միանշանակ է Աստվածաշնչում։ Սակայն լինում են նաև հարցեր, որոնց Աստվածաշունչը չի անդրադառնում կամ կարծես դիտավորյալ կերպով չի տալիս հստակ ու միանշանակ պատասխան։ 

Եվ իմ այս փնտրտուքի մեջ ես մի հրաշալի հոգևոր գանձ հայտնաբերեցի։ Եվ այդ գանձը հետևյալն է։ Բոլոր այն հարցերը, որոնք կենսական անհրաժեշտություն են մարդու փրկության, հոգևոր աճի ու հասունության համար, իրենց հստակ պատասխաններն են գտնում Աստվածաշնչում։ Իսկ բոլոր այն հարցերը, որոնք բխում են մեր հետաքրքրասիրությունից, բայց դրանց պատասխաններն իմանալը կամ չիմանալը մեր հոգևոր ընթացքի մեջ ոչինչ չի ավելացնում կամ պակասեցնում, չեն գտնում իրենց հստակ պատասխաններն Աստվածաշնչում։ Այլ կերպ ասած՝ Աստվածաշունչը մեր հետաքրքրասիրության հարցերի պատասխանների գիրք չէ, այլ մեր փրկության ու հոգևոր հասունության համար ճշմարտությունների Գանձարան։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քանի որ մեր հարցը՝ ե՞րբ և ինչպես է որոշվում մարդու հոգու փրկությունը, կենսական կարևորություն ունի, այլ ոչ թե բխում է զուտ հետաքրքրասիրությունից, ապա Աստվածաշունչը ավելի քան հստակ պատասխան է տալիս մեր կարևոր հարցին։ Տեր Հիսուսը Ինքն է խոսում այդ մասին, երբ պատմում է աղքատ Ղազարոսի և հարուստի պատմությունը։ Մեր նախորդ ուղերձի մեջ արդեն անդրադարձել ենք այս պատմությանը, երբ Տեր Հիսուսը ցույց էր տալիս հավիտենական տանջանքի իրողությունը։ 

Եվ երբ Տեր Հիսուսի պատմած պատմությունը հասնում է այն կետին, որ դժոխքի կրակների մեջ տանջվող հարուստը հասկանում է իր անհույս վիճակը, վերջինս սկսում է մտահոգվել իր հինգ եղբայրների փրկության համար, որոնք ողջ էին և ապրում էին երկրի վրա։ Նա չէր ուզում, որ իր եղբայրներն էլ գան կրակի և անասելի ու անհույս տանջանքի այդ վայրը։ Եվ հե՛նց այստեղ է, որ Տեր Հիսուսը Իր պատմած պատմության մեջ հստակ ու միանշանակ մեզ է փոխանցում մեր այսօրվա հարցի պատասխանը՝ ե՞րբ և ինչպես է որոշվում մարդու հոգու փրկությունը։

«Եվ [կրակների մեջ տանջվող հարուստը] ասաց. "Ուրեմն աղաչում եմ քեզ, հա՛յր, որ դրան իմ հոր տուն ուղարկես, որովհետև ես հինգ եղբայր ունեմ. թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքի այս վայրը չգան"։ Աբրահամը նրան ասաց. "Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն"։ Իսկ նա ասաց. "Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն"։ Եվ նրան ասաց. "Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի"» (Ղուկաս 16․27-31):

Տեր Հիսուսը հստակ սովորեցնում է, որ փրկությունը միայն ապաշխարությամբ է, իսկ ապաշխարությունը հնարավոր է միայն երկրային կյանքի ընթացքում։ Ավելին՝ Տերը սովորեցնում էր, որ փրկությունը միայն հավատքով է, և մարդը չի հավատում, երբ տեսնում է բժշկություններ ու հրաշքներ, այլ հավատում է, երբ սկսում է վստահել Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ 

Մահից հետո մարդու հավիտենական ճակատագրի մեջ ո՛չ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Փրկությունը որոշվում է այս երկրային կյանքի ընթացքում մարդու հավատքի շնորհիվ ընդունած ապաշխարությամբ։ 

«․․․մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը» (Եբրայեցիս 9․27):

Մեր հաջորդ ուղերձի մեջ ավելի շատ կկենտրոնանանք հե՛նց հավատքի, ապաշխարության և այդ ապաշխարության շնորհիվ մարդու կյանք եկող արդարացման մասին։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես