Դրախտի և դժոխքի ներկա իրողությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Տեր Հիսուսը շատ հստակ ուսուցում է փոխանցել մահից հետո մարդու գոյության շարունակության և հավիտենական ճակատագրի մասին։ Հիշե՛նք Նրա խոսքերը դրախտի և դժոխքի մասին․ «Այդ ժամանակ թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Թագավորությունը։ Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, Ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (Մատթեոս 25:34,41,46):
Սիրելի՛ Ընկեր, այսօր մի փոքր ավելի մանրամասնորեն ենք ուսումնասիրելու Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները հավիտենական տանջանքի և հավիտենական երանության մասին։ Եվ կարևոր է, որ հատուկ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Տերը այդ երկու վայրերի մասին չի խոսում որպես ապագայում տեղի ունենալիք, այլ՝ որպես ներկայում գոյություն ունեցող իրողություններ։ Թե՛ դրախտը և թե՛ դժոխքը Տեր Հիսուսի ուսուցումներում ներկայանում են որպես ներկայում գոյություն ունեցող վայրեր։
«Եվ կախված այն չարագործներից մեկը Նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր Ինքդ Քեզ և մեզ»։ Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ Քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23.39-43):
«Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։ Նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ"։ Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ այդ բոլորից բացի, մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն» (Ղուկաս 16․22-26):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, կարծում եմ՝ Տեր Հիսուսի փոխանցած այս երկու ուսուցումները որևէ տեղ չեն թողնում այն մոլորություններին, որոնք պնդում են, թե մարդը մահից հետո դադարում է գոյությունը կամ միջանկյալ մի տեղում սպասում է մինչև որոշակի ժամանակի լրանալը։ Կան մոլորություններ, որոնք մերժում են դժոխքում տանջանքի իրողությունը, որը հստակ ներկայացնում է Տեր Հիսուսը։ Կան նաև շեղված վարդապետություններ, որոնք պնդում են, թե դժոխքն ու դրախտը այժմ գոյություն չունեն և հետո են ընդունելու մահացածներին։ Մոլորությունները շատ են, բայց Տեր Հիսուսի ուսուցումը այս թեմայով հստակ է ու միանշանակ։ Երբ Տերը խաչի վրա ապաշխարած ավազակին ասաց «դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես», Նա չէր ասում դա փոխաբերական իմաստով կամ խորհրդանշաբար որևէ այլ իմաստ դնելով այդ բառերի մեջ։ Տեր Հիսուսը շատ հստակ էր՝ «դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես»։
Երբ Տերը ուսուցանում էր դժոխքի տանջանքների մասին և նկարագրում էր անիրավ կյանքով ապրող հարուստ մարդու մահը, դժոխքում հայտնվելն ու այնտեղ անհուսության մեջ տանջվելը, Նա այս պատմությամբ չէր մոլորեցնում մարդկանց՝ խոսելով մի իրողության մասին, որը գոյություն չունի։ Նա մարդկանց զգուշացնում էր հավատքի և Աստծու կամքին հնազանդության կյանքը մերժող մարդու անխուսափելի վախճանի մասին։ Մեր Տերը երբե՛ք չի մոլորեցրել մարդկանց։ Նա միշտ խոսել է ճշմարտությունը։ Նա հե՛նց Ինքը Ճշմարտությունն է։
Այո՛, կարևոր է հավատալ դրախտի և դժոխքի ներկա իրողությանը։ Դրանք ապագայի մեջ իրողություններ չեն, այլ ներկայի իրականություն։ Իսկ թե ի՛նչ սկզբունքով է Աստված ոմանց արժանացնում դրախտի հրաշալի հավիտենական իրողությանը, իսկ ոմանց՝ դժոխքի տանջալի հավիտենական անհուսությանը, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։