Հնազանդություն և քաջություն
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Եվ այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք Տեր Հիսուսի բնավորության երկու դրսևորումների, որոնք առաջին հայացքից կարող են հակասական թվալ, սակայն դրանցում ո՛չ միայն չկա հակասություն, այլ կարող ենք ասել, որ այդ երկու որակները փոխլրացնում են միմյանց։
Սիրելի՛ Ընկեր, խոսքը հնազանդության և քաջության մասին է։ Տեր Հիսուսը կատարելապես հնազանդ էր Հայր Աստծու կամքին։ Նա մեր օրինակն էր Տեր Աստծու հետ հարաբերության առումով։ Հնազանդվել Աստծու կամքին նշանակում է վստահել Նրա իմաստությանը։ Սակայն առանց քաջության ո՛չ ոք չի կարող ապրել հավատքի ու հավատարմության կյանքով, քանի որ քաջություն է պահանջվում Աստծու կամքին հնազանդության ճանապարհով հաստատուն քայլելու, հավատքը պաշտպանելու և չարին հակառակվելու համար։
«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, հակառակվե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):
Աստծու կամքին հնազանդվողների կյանքում գալիս է Տեր Աստծու զորավոր ներկայությունը։ Այդ ներկայության մեջ է հավատացյալի քաջության գաղտնիքը։ Ինչպես երեխան իրեն ուժեղ ու պաշտպանված է զգում, երբ հայրիկը իր կողքին է, այնպես մենք՝ հավատացյալներս, մեզ քաջ ու զորավոր ենք զգում, երբ մեր կյանքում կա Տեր Աստծու բարեհաճությունը և այդ բարեհաճության բերած աստվածային ներկայությունը։
«Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն Ինքն է գնում ձեզ հետ. Նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի» (Բ Օրինաց 31․6):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր նախորդ ուղերձի մեջ մենք խոսել ենք աստվածավախության և սրբության փափագի մասին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ հե՛նց աստվածավախության մեջ է քաջության բանալին։ Հնազանդությունն Աստծու կամքին մեր կյանք է բերում Նրա բարեհաճությունն ու շոշափելի ու իրական ներկայությունը, իսկ աստվածավախությունը մեզ դարձնում է համարձակ ու վստահ։
«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք Նրանից, Ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք» (Մատթեոս 10․28-31):
Ամենաքաջ մարդը նա է, ով վախենում է միայն Աստծուց, քանի որ Աստծու հանդեպ վախը ազատում է մարդուն մնացած բոլոր վախերից։ Սովորե՛նք Տեր Հիսուսից Հոր կամքին հնազանդության սկզբունքայնությունն ու նվիրումը։ Սովորե՛նք աստվածավախություն և ազատվե՛նք մեր կյանքի մյուս բոլոր վախերից։
Աղոթում եմ, որ ուղերձների այս շարքի բոլոր օրհնությունները գան քո կյանքի մեջ, և քո փոխակերպված բնավորությամբ հաճելիորեն զարմացնես քո շրջապատի մարդկանց և ուրախացնես մեր բարի ու ողորմած Աստծու՝ քո հանդեպ սիրով լցված սիրտը․․․