Աստվածավախություն և սրբություն
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Տեր Հիսուսի բնավորության կարևորագույն որակներից մեկը, որը մենք պետք է ձգտենք ունենալ մեր կյանքում, աստվածավախությունն է և սրբության ձգտումը։
Սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը ոչ թե վախ է կամ սարսափ Աստծուց, այլ խորը հարգանք, ակնածանք և սեր Նրա հանդեպ, որը մղում է մարդուն հեռանալու չարիքից ու մեղքից և ապրելու սրբության կյանքով։
«Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը» (Առակաց 8․13):
Աստվածաշնչյան այս հատվածում Առակաց գիրքը փոխաբերական իմաստով մեզ է ներկայացնում իմաստության ուղղակի խոսքը ընթերցողին։ Այստեղ իմաստությունն ասես անձ է դառնում և մեզ աստվածային իմաստության ճշմարտություն և խորհուրդ փոխանցում։
Աստվածային իմաստությունը նախ մեզ սովորեցնում է, թե ինչ է աստվածավախությունը։ Այն շատ պարզ է՝ Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է։ Չարիքի դրսևորումները՝ մեղավոր հաճույքներն ու անիրավության շահը, կարող են շատերին հաճելի լինել, այլ ոչ թե ատելի։ Հե՛նց այստեղ է, որ մենք սովորում ենք աստվածավախության գաղտնիքը։
Ամբողջ հարցն այն է, որ մարդիկ, որոնք չեն ապրում աստվածավախության մեջ, չեն կարող փափագ ունենալ դեպի սրբության կյանքը։ Այնինչ Աստված Իր Խոսքում հստակ է մեր՝ սրբության կյանքով ապրելու վերաբերյալ․ «Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը․․․» (Ա Թեսաղոնիկեցիս 4․1-3):
Աստվածաշունչը նաև հստակ է այն հարցում, որ Աստծու իրական ներկայության մեջ մտնելու համար մարդուց հե՛նց սրբություն է պահանջվում։ Ընդ որում, Տերը մեզ համար հոգացել է սրբության վիճակին հասնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):
«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12․14):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը չարիքը ատելն է։ Աստվածավախությունը չարիքից հեռանալն է։ Աստվածավախությունը Աստծու ներկայությունն ու Նրա հետ մտերիմ հարաբերություն ունենալը ավելի կարևորելն է, քան անիրավ շահը, մեղքի հաճույքը կամ բարկության զայրույթի ժամանակ անկառավարելի դառնալու հակումը։
Սրբությունը մեր արդարության հոգևոր հանդերձն է․ այն քո ապրելակերպն է՝ հոգու մաքրությունը և Աստծու պատվիրանները սիրելու քո անհագ մղումը։ Տերն Ինքն է մեզ հորդորում սուրբ կյանքով ապրել, քանի որ մենք Նրա զավակներն ենք և պետք է նմանվենք մեր երկնային Հորը։
«․․․հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1․14-16)։
Իսկ ի՞նչն է քեզ համար ավելի թանկ ու կարևոր՝ սրբության կյանք ապրելն ու Աստծու քաղցր ու բժշկարար ներկայության մեջ մուտք ունենա՞լը, թե՞ քո ես-ի հպարտության ու մարմնի ցանկությունների կողմից կառավարվելը։ Իսկ դու աղոթո՞ւմ ես, որ Աստված օգնի քեզ աստվածավախության և սրբության փափագի կարևորագույն որակները քո մեջ զարգացնելու համար։ Դու ուզո՞ւմ ես նաև ա՛յս որակների մեջ նմանվել Տեր Հիսուսին․․․