Խոնարհություն և հեզություն
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Մերօրյա աշխարհը իր քարոզությունն ունի, որն ուղերձների այս շարքի անվանման ճիշտ հակառակն է ուսուցանում մարդկանց։ Աշխարհը քարոզում է եսակենտրոնություն և ամբարտավանություն․ «Ինչո՞ւ դո՛ւ պետք է փոխվես։ Ինչո՞ւ դո՛ւ պիտի աշխատես քո բնավորության վրա և կերտես քո մեջ քրիստոսանման բնավորության գծեր։ Թո՛ղ մյուսները քեզ հարմարվեն։ Դու այդպիսին ես ու վերջ։ Ում դուր չի գալիս քո բնավորությունը, թող քեզ հետ գործ չունենա»։
Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը ճիշտ հակառակն էր քարոզում և ուսուցանում։ Եվ ողջ խնդիրն այն է, թե մենք ո՛ւմ ուսուցումներն ենք ընդունում մեր սրտում։ Որքա՜ն շատ են այսօր եսակենտրոն քրիստոնյաները, որոնք լրջորեն չեն վերաբերվում Տեր Հիսուսի ուսուցումներին։ Որքա՜ն ցավալի հարվածներ են ստանում նման մարդիկ իրենց կյանքում և որքա՜ն են դեռ խրատվելու Աստծու կողմից, քանի որ չեն ընկալել Աստծուն հակառակվելու ողջ ողբերգությունը և Աստծուն հնազանդվելու ողջ երանությունը։
«Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․5-6)։
Ես իմ ամբողջ սրտով ուզում եմ, որ քո կյանքում առատորեն հեղվեն խոնարհների համար Տեր Աստծու պատրաստած շնորհները և քո ո՛չ մի քայլի ու որոշման կամ խոսքերի ու վերաբերմունքի մեջ չլինի ամբարտավանության ու եսակենտրոնության որևէ նշույլ, որպեսզի չբախվես Տեր Աստծու բարկությանն ու հակառակ չգնաս Նրան ու Նրա Խոսքին։ Եվ այս ամենի բանալին խոնարհության ու հեզության առկայությունն է քո բնավորության մեջ կամ դրանց բացակայությունը։
Խոնարհությունն ու հեզությունը քրիստոնեական բնավորության հիմքն են։ Քրիստոս Ինքը կանչեց մեզ հետևելու Իր օրինակին՝ ասելով․ «Ինձնի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամենաբարձր պտղատու ծառերը ամենից ցածր են խոնարհվում պտուղների ծանրության տակ. այդպիսին են նաև Քրիստոսի ճշմարիտ աշակերտները։ Տեր Հիսուսը հորդորում է Իրենից սովորել խոնարհություն և հեզություն։ Ե՛կ միասին քննենք խոնարհության ու հեզության Նրա որակները։
- Նա երբե՛ք Իր շահը չէր որոնում, այլ հոգ էր տանում Իր շրջապատի մարդանց համար և ապրում էր հանուն Աստծու Արքայության շահի։
- Նա երբե՛ք Իր անվան կամ հեղինակության համար չէր պայքարում, այլ ամեն բան անում էր, որպեսզի Աստծու անունը մեծարվի Իր ապրելակերպի ու ծառայությունների միջոցով։
- Նա երբե՛ք Իրեն դիմացինից բարձր չէր դասում, թեև բոլոր հիմքերն ուներ դա անելու, այլ Իրեն ծառա էր դարձրել ո՛չ միայն Իր աշակերտների, այլև ամենամեղավոր մարդկանց համար։
- Նա երբե՛ք չէր փորձում որևէ մեկին ապացուցել Իր ճշմարիտ լինելը, այլ մարդուն կանգնեցնում էր ընտրության առջև՝ հավատաս, Աստծուց օրհնություն կընդունես, չհավատաս՝ դատապարտություն։
- Նա երբե՛ք անտարբեր չէր ուրիշի ցավի հանդեպ, այլ պատրաստ եղավ անցնել չարչարանքներով և անգամ սեփական կյանքը զոհել Գողգոթայի խաչի վրա, որպեսզի մենք ազատվենք մեղքի անեծքից և ապրենք Նրա պարգևած խաղաղության մեջ։
«Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով ընթանանք։ «Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում»։ Նախատվելիս Նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար Դատավորին» (Ա Պետրոս 2․21-23)։
Իսկ դու ուզո՞ւմ ես կերտել քո մեջ քրիստոսանման բնավորության գծեր։ Իսկ դու պատրա՞ստ ես բավականաչափ խոնարհ ու հեզ դառնալու, որպեսզի կանգնես բնավորության փոխակերպման դժվարագույն ճանապարհի վրա։ Եթե այո՛, ապա առաջարկում եմ աղոթքի մեջ խնդրել Տեր Աստծուն, որպեսզի այս շարքի մյուս ուղերձների մեջ առանձնահատուկ կերպով խոսի քո սրտին և Իր շնորհի զորության օգնությունն ուղարկի քեզ՝ բնավորության փոխակերպման հրաշքը քո կյանքում իրականացած տեսնելու համար։
Ամենաբարձր պտղատու ծառերը ամենից ցածր են խոնարհվում պտուղների ծանրության տակ. այդպիսին են նաև Քրիստոսի ճշմարիտ աշակերտները։