• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 օգս 2026 թ.

Վրեժխնդրությունը և բարիով չարին հաղթելը

Հրապարակման ամսաթիվ 16 օգս 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Ներելը ենթադրում է պարտքի չեղարկում։ Ներելը արդար պատժի քո իրավունքից հրաժարվելն է՝ հանուն դիմացինին չարիքից ազատելու քո ձգտման։ Ներման հիմքում սերն է, որն Աստծուն խնդրում է, որպեսզի տվյալ մարդը քո հանդեպ գործած իր հանցանքի հատուցումը չստանա, քանի որ տվյալ արարքը գործել է խավարի ազդեցության ներքո՝ կուրացած և չհասկանալով։ 

Սիրելի՛ Ընկեր, երբ մենք մեր հանդեպ գործած հանցանքին արձագանքում ենք բարկությամբ և ատելությամբ, դիմացինի մոտ իր հերթին գործում է անձի պաշտպանական ռեակցիան, և նա էլ իր հերթին է լցվում մեր հանդեպ բարկությամբ և ատելությամբ։ Արդյունքը թշնամությունն է, որը կարող է տարիներ և անգամ սերնդեսերունդ շարունակվել։ 

«Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, Ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներին 12․18-21):

Երբ Աստված է  Իր վրա վերցնում մեզ ցավեցրած մարդկանց հանդեպ վրեժխնդրությունը, Նա այնպես է խրատում ու պատժում, որ տվյալ մարդը ո՛չ թե թշնամանում է Աստծու հանդեպ, այլ հասկանում իր գործած սխալը և քայլեր կատարում դեպի զղջում և ապաշխարություն։ Այո՛, թեև Աստծու խրատը կարող է տրտմություն առաջացնել, սակայն այն օգտակար է մարդու համար։ Իսկ մեր վրեժխնդրությունը միայն խորացնում է թշնամանքը։ 

«Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։ Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում» (Բ Կորնթացիս 7․9-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ներելու հարցում մենք միշտ պետք է հիշենք աստվածաշնչյան անխախտ ճշմարտությունը՝ վրեժխնդրությունը պատկանում է Աստծուն, այլ ո՛չ թե՝ մեզ։ Երբ մերժում ենք ներումը և մեզ վրա ենք վերցնում վրեժխնդրության պատասխանատվութունը․․․, երբ մենք փափագում ենք տեսնել մարդու արդար պատիժը, քանի որ վերջինիս հանցանքը արժանի է նման հատուցման, մենք հակառակ ենք գնում Տեր Աստծու շնորհի հոսանքին։ Այդ ժամանակ է, որ մեր սրտում աճում է դառնության արմատը, որը զրկում է մեզ մեր կյանքի մյուս բնագավառներում Աստծու շնորհի բժշկարար ու ամրացնող ներգործություններից։ 

«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվեն» (Եբրայեցիներին 12:14-15):

Չներելը զրկում է մեզ Աստծու շնորհքից։ Չներելը դառնության արմատ է բուսցնում մեր սրտերում։ Չներելը առաջին հերթին մեզ է վնասում, ո՛չ թե մեր հանդեպ հանցանք գործած մարդուն։ 

Ներելը և բարիով չարին հաղթելը մեզ դնում է Տեր Աստծու բժշկարար ու զորացնող շնորհի առաջ հոսանքի մեջ։ Ներելը մեզ նմանեցնում է մեր Տեր Հիսուսին և օգնում ապրել զոհաբեր ու մյուսների բարիքի համար փափագ ունեցող կյանքով։ Ներելը խոսում է մեր վերափոխված մտածելակերպի և մեր սրտերում արմատացած Արքայության արժեհամակարգի մասին։ Ներելու ունակությունը մեծագույն շնորհ և ողորմություն է Տեր Աստծուց։ Ե՛կ նվիրվենք ներել սովորելու աշակերտության օրհնյալ ընթացքին․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես