Ինչպե՞ս կարող ենք ներել սովորել
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Կարևոր է հասկանալ, որ մարդիկ չեն ծնվում ներողամիտ։ Ներել սովորելը Քրիստոսի աշակերտի համար կարևորագույն հմտությունններից մեկն է, որը ձևավորվում է հե՛նց հավատարիմ աշակերտության ընթացքի մեջ։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ գործնական խորհուրդներ է փոխանցում նաև ներել սովորելու վերաբերյալ։ Ինչպե՞ս ենք մենք որոշում՝ ինչ գույնի և ոճի հագուստ հագնել, այնպես էլ կարող ենք որոշել մեր հոգևոր հանդերձների կերպն ու որակները։ Եթե մենք Տեր Հիսուսի աշակերտներն ենք, ապա ստորև բերված աստվածաշնչյան հատվածը խոսում է, թե ինչպիսի հոգևոր հանդերձներ պետք է հագնենք և ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք մեկս մյուսի հանդեպ։
«Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք» (Կողոսացիս 3․12-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ներելը պահանջում է հագնել հոգևոր «հանդերձներ»՝ գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն։ Արդյոք դու քո հոգևոր պահարանում ունե՞ս նշված հանդերձները։ Արդյոք կարողանո՞ւմ ես դրանք հագնել, երբ ինչ-որ մեկը քո հանդեպ սխալ է պահում իրեն։ Իսկ ներելու չափանիշը մշտապես մնում է անփոփոխ՝ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։
Ներել սովորեցնող վերոհիշյալ աստվածաշնչյան հատվածում խորհուրդ է տրվում գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն հանդերձները հագնելուց հետո այդ ամենի վրա հագնել սերը։ Ինչո՞ւ Քրիստոս Տերը ներեց մեզ։ Պատասխանը միանշանակ է՝ որովհետև սիրում է մեզ։ Եվ Նա վճարեց մեզ ներելու համար պահանջվող ամենամեծ գինը՝ սեփական կյանքը և խաչի տանջանքներն ու տառապանքը։
Ի՞նչ է մեզնից պահանջվում դիմացինին ներելու համար։ Գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունն ու համբերատարությունը արագ կմաշվեն, եթե դրանց վրայից մարդը չհագնի կատարելության կապը՝ սերը։ Մենք պետք է նախ սեր ունենանք մեր հանդեպ հանցանք գործած մարդու հանդեպ, որպեսզի կարողանանք ներել։
Սերը բացում է Երկնքի դարպասները։ Սերը Աստծու շնորհքն է բերում մեր կյանքերի մեջ։ Ներելու որոշում կայացնելիս մենք կանգնում ենք ընտրության առջև. հագնել ողորմասիրտ գթածություն ու իրար ներել, ինչպես Քրիստոսը մեզ ներեց, կամ չներել և զրկվել մեր կյանքում Աստծու շնորհքի օգնությունից։
Ամենածանր ու ամենադժվարին իրավիճակներում Աստծու շնորհի օգնությունը զորացնում է մեզ ներելու աններելի թվացող իրավիճակներում։ Հագնե՛նք Քրիստոսի աշակերտի հոգևոր հանդերձները և ընդունե՛նք Աստծու շնորհի օգնությունը ներել սովորելու և ներողամիտ քրիստոնյա դառնալու հարցում։