Անողորմ ծառայի առակը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձներից մեկի մեջ մենք արդեն իսկ ամփոփ անդրադարձ ենք կատարել Անողորմ ծառայի առակին։ Սակայն ներել սովորելու մեր ընթացքի մեջ մենք կարիք ունենք ավելի խորը ըմբռնելու այս առակի փոխանցած գործնական դասը։
Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի պատմած այս առակի ամփոփ նկարագիրը հետևյալն է։ Թագավորը ներում է իր ծառաներից մեկի ահռելի մեծ պարտքը (10 000 քանքար), որն անհնար էր վճարել, սակայն այդ նույն ծառան բանտը գցեց իր ծառայակցին, որն ընդամենը 100 դահեկան էր պարտք իրեն, և պահանջում էր ամբողջովին վերադարձնել այն։ Երբ եղելությունը հայտնի դարձավ մեծ պարտքը ներած թագավորին, այդ ծառան մեծագույն պատժի արժանացավ։
«Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. "Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի"։ Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ Իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների» (Մատթեոս 18.32-35):
Անողորմ ծառայի խնդիրը կարճ հիշողությունն էր։ Նա արագ մոռացավ, թե ինչպիսի՜ մեծ ողորմության ինքն արժանացավ թագավորի կողմից, և անողորմ վերաբերմունք ցուցաբերեց իր ծառայակցի հանդեպ։ Իսկ որքա՞ն է մեզ ներվել։ Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, թե Աստված ինչպիսի՜ մեծ պարտք է մեզ ներել, և այդ ներման արդյունքում ինչպիսի՜ մեծ ու անդառնալի կործանումից է Նա մեզ փրկել։
Երախտամոռության պարզագույն դրսևորում է Աստծուց մեծագույն ողորմություն ու ներում ստանալը՝ չկիսելով այդ ներումը մյուսների հանդեպ ողորմասիրտ լինելու մեր վերաբերմունքով։ Ստանալով Աստծուց անհամեմատ ավելի մեծ ողորմություն ու ներում՝ մենք պարտավոր ենք ողորմած լինել մեր հանդեպ սխալ պահվածք ունեցողների հանդեպ։ Ամբողջ հարցն այն է, թե մենք գիտակցում և հիշո՞ւմ ենք, թե որքա՜ն է Աստված ներել մեզ․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը պատմեց աշակերտներին Անողորմ ծառայի առակը՝ ի պատասխան Պետրոս առաքյալի տված հարցի։
«Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով Նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18:21-22):
Իսկ քանի՞ անգամ մե՛նք կուզենայինք, որ Աստված ների մեզ՝ յո՞թ, թե մինչև յոթանասուն անգամ յոթ։ Մենք Աստծու ներումը կուզեինք միայն որոշակի թեթև հանցանքների պարագայո՞ւմ, թե՞ ցանկացած մեղքի և, հատկապես, ծանր մեղքերի պարագայում։ Իսկ դիմացինի ո՞ր մեղքերն ենք մենք պատրաստ ներելու՝ միայն մեր հանդեպ գործած թեթև հանցանքնե՞րը, թե՞ նաև մեզ մեծագույն ցավ ու տառապանք պատճառածները։
Արդյոք գիտակցում և հիշո՞ւմ ենք, թե ի՜նչ մեծ գին է վճարել Աստված՝ Իր Միածին Որդուն զոհաբերելով Գողգոթայի խաչի վրա, որպեսզի կարողանա վճարել մեր մեղքերի ներման և խավարի իշխանությունից մեր ազատագրման փրկագինը։ Արդյոք հասկանո՞ւմ ենք Անողորմ ծառայի առակի մեջ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունն ու կենսական անհրաժեշտություն ունեցող սկզբունքը ներման կարևորության վերաբերյալ։