Ներման իրական իմաստը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք Տերունական աղոթքի մեջ ներման մասին Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությանն առ այն, որ ներումը նման է մարդու պարտքը չեղյալ հայտարարելուն։ Ներել` նշանակում է ազատ արձակել, հրաժարվել քո արդարացի պահանջներից։
Սիրելի՛ Ընկեր, ներման իրական իմաստը ողորմածության դրսևորումն է։ Որոշակի իմաստով, ներումը նաև նշանակում է չպահանջել, որպեսզի տեղի ունենա հանցագործի արդարացի պատիժը։ Ավելին՝ իրական ներման մեջ կարեկցանք կա տվյալ մարդու հանդեպ։ Այո՛, ներելը ողորմածության դրսևորում է. դու ունես իրավունք պահանջելու արդար դատաստան, բայց հրաժարվում ես դրանից հանուն դիմացինի․․․, որպեսզի նա չտուժի։
Եթե Տերունական աղոթքի մեջ Տեր Հիսուսը հստակ ուսուցանում էր, որ չներելը հանգեցնելու է Հայր Աստծու կողմից չներված լինելու սարսափելի կարգավիճակին, ապա Երանիների ուսուցման մեջ Տեր Հիսուսը շեշտադրում է ողորմասիրտ լինելու օրհնությունը և այն, որ ողորմածները իրենք էլ նման շնորհի են արժանանալու։
«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5․7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր մարդկային բնույթը հակված է չներելու, քանի որ տվյալ մարդու պատճառով ցավ ու տառապանք կրած մեր «ես»-ը պահանջում է արդարադատություն՝ արդար պատիժ մեր հանդեպ մեղք ու հանցանք գործած մարդու համար։ Սակայն ողորմածությունը վեր է ճշմարիտ ու արդարացի պատժի իրավունքից։ Ասվածի լավագույն ուսուցումը փոխանցում է Տեր Հիսուսը Պարտատեր ծառայի մասին առակի մեջ։
«Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել։ Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան և ասում. "Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։ Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. "Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր։ Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. "Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի"։ Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ Իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների» (Մատթեոս 18.25-35):
Տեր Աստծուց ողորմածության արժանացած մարդը պետք է կարողանա տեսնել իր ցավից ու տառապանքից այն կողմ։ Մեղքերի ներում ստացած մարդը պետք է կարողանա զգալ իրեն ցավեցրած մարդու հանդեպ Տեր Աստծու սրտի սերը։ Հենց ա՛յդ սերն է մեզ ստիպում, որ ամեն բան անենք, որ մեզ ցավ պատճառած մարդիկ չտուժեն մեր արդար պահանջի պատճառով։ Ներման իմաստը տվյալ մարդու պարտամուրհակը այրելն է։ Ներման իմաստը Աստծուց խնդրելն է, որ տվյալ մարդը ազատվի մեր հանդեպ իր կատարած հանցանքի արդար պատժից։ Ներման իմաստը քո կյանք չարիք բերած մարդուն բարիք ցանկանալն է․․․
«Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու. որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը պարծենում է դատաստանի դեմ» (Հակոբոս 2․12-13):