• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 օգս 2026 թ.

Նոր սրտի կենսագործունեության պայմանը

Հրապարակման ամսաթիվ 10 օգս 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները հե՛նց ներման թեմայի վերաբերյալ են լինելու։ Ներել կարողանալը և ներողամիտ լինելը քրիստոնեական կյանքի ամենակարևոր բաղադրիչներից են։ 

Սիրելի՛ Ընկեր, իրական և չկեղծված քրիստոնեության առանցքը Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է՝ խաչի փոխանորդական զոհը, որի արդյունքում վճարվեց խավարի իշխանության ստրկությունից մեր ազատագրման փրկագինը, և Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ հավատքի շնորհիվ վերստին ծնունդի փորձառությունը, որի ընթացքում մարդը փոխակերպվում է՝ մահանում է հինը և ծնվում նորը։ 

Տեր Հիսուսի խաչելությունից դարեր առաջ Եզեկիել մարգարեն հրաշալի կերպով փոխանցել է մեր ներսում նոր սիրտ ստեղծելու Տեր Աստծու խոստումը․ «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Եվ Իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ Իմ կանոններով ընթանաք, Իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք» (Եզեկիել 36․25-27):

Վերստին ծնունդի մասին այս խոստումը կարելի է համեմատել նոր սրտի փոխպատվաստման հետ։ Գիտե՞ս արդյոք, որ նոր սրտի փոխպատվաստումը բավականին բարդ գործընթաց է, և փոխպատվաստված սիրտն իր մեջ կրող անձը ո՛չ միայն պետք է խորը շնորհակալության զգացում ունենա իր կյանքի փրկության համար, այլև զգուշորեն և ամենայն ուշադրությամբ հետևի բժիշկների խորհուրդներին, պահանջներին և հակացուցումների վերաբերյալ զգուշացումներին։ 

Տասը Պատվիրանները Մովսեսի միջոցով Իր ժողովրդին փոխանցելուց անմիջապես հետո Աստված հետևյալն է ասում Մովսեսի հետ երկխոսության ժամանակ․ «Երանի՜ թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով Ինձանից՝ պահեին Իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար» (Բ Օրինաց 5․29):

Աստված շահագրգռված է մեր և մեր զավակների լավ լինելով։ Նա երբե՛ք չի ուզում, որ որևէ մեկի կյանքում չարիքը տեղ ունենա։ Սակայն այս ամենի համար մեր սիրտը պետք է լինի Նրա՛ ակնկալած և պատկերացրած կերպով, այլ ո՛չ թե մեր։ 

Իսկ ո՞րն է ներման մասին պատվիրանը։ Ի՞նչ է Տեր Հիսուսը սովորեցնում ներման մասին։ Ընթերցե՛նք բոլորիս հայտնի Տերունական աղոթքը․ «Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը. Քո արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6․9-15): 

Ինչպես որ բժշկի խորհուրդները չպահպանելու դեպքում նոր սիրտը չի կարող շարունակել իր կենսագործունեությունը սրտի փոխպատվաստում տարած մարդու մարմնում, այնպես էլ առանց ներել սովորելու փափագի հավատացյալ քրիստոնյան շուտով կարող է կանգնել հոգևոր կործանման նախաշեմին։ Աստված վճարել է մեր մեղքերի գինը Գողգոթայի խաչի վրա և ջնջել մեր մեղքերի ու հանցանքների պարտացուցակը։ Նույն կերպ Նա ակնկալում է, որ մենք էլ պետք է սովորենք ներել այն մարդկանց, որոնք մեր հանդեպ են հանցանքներ ու անիրավություն գործում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու վերստին ծնվա՞ծ քրիստոնյա ես։ Դու ընդունե՞լ ես Տեր Աստծու խոստացած նոր սիրտը։ Արդյոք փոխվե՞լ է քո մոտեցումը մարդկանց ու աշխարհի հանդեպ, թե՞ դեռ նախկին աշխարհային մոտեցումներն են գործում քո կյանքում։ Արդյոք գիտե՞ս, որ չներելը կարող է քո հոգևոր կործանման պատճառը դառնալ։ Գիտե՞ս, որ ներելը քո նոր սրտի կենսագործունեության կարևորագույն պայմանն է։ Ունե՞ս արդյոք ներելու խնդիր․․․

Պատգամների այս շարքը որևէ մեկին վախեցնեու կամ ճնշելու համար չէ, այլ Աստծու Խոսքի ճշմարտոության բժշկարար լույսը տարածելն է։ Աստված այնքա՜ն է քեզ սիրում, որ ասում է․ «Երանի՜ թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով Ինձանից՝ պահեին Իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար»։ Այս թեմայի մյուս բոլոր ուղերձների մեջ մենք միասին ուսումնասիրելու ենք ներողամիտ քրիստոնյա դառնալու աստվածաշնչյան ուղիները։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես