Քո ողջ էությամբ վստահի՛ր Քրիստոսի խոսքերին
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Ավարտում ենք մեր հոգևոր քննարկումը Տեր Հիսուսի՝ ջրերի վրայով քայլելու պատմության փոխանցած դասերի վերաբերյալ։ Եվ վերջին դասը, որի մասին ուզում եմ խոսել այս ուղերձի մեջ, այն է, որ մենք պետք է մեր ողջ էությամբ վստահենք Տեր Հիսուսի խոսքերին։
Սիրելի՛ Ընկեր, Աստծուն հավատալը միայն Իր գոյությունն ընդունելը չէ, այլ Իր խոստումներին լիովին վստահելը։ Որքա՜ն շատ էր Պետրոս առաքյալը վստահում Տեր Հիսուսին, որ դուրս եկավ փոթորկոտ ծովում տարուբերվող նավակից և սկսեց քայլել ջրերի վրայով։ Երբևէ փորձե՞լ ես պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում Պետրոս առաքյալի համար։
Իսկ մենք որքանո՞վ ենք վստահում Տեր Հիսուսի պատվիրաններին ու ուսուցումներին։ Մեր նախորդ ուղերձների մեջ խոսել ենք Տեր Հիսուսին ընդառաջ գնալու մասին։ Իրականում, հոգևոր իմաստով դա նշանակում է հնազանդվել Նրա խոսքերին՝ Նրա կամքին ու պատվիրաններին։ Եվ այսօր Տերը մեզ հետ խոսում է Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։
Որքանո՞վ ենք մենք ընդառաջ գնում մեր սրտերին խոսող Աստծուն։ Արդյոք մենք կարդո՞ւմ ենք Նրա Խոսքը։ Արդյոք մենք փորձո՞ւմ ենք լսել Նրա ձայնը Աստվածաշնչի պատմությունների ու ուսուցումների մեջ։
Պետրոս առաքյալը ջրերի վրայով Տեր Հիսուսին մոտենալու Նրա անհավանական հրահանգին իր հնազանդությամբ ընդունեց Նրան իր նավակի մեջ։
«Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին Նրան ու ասացին. «Իսկապես Դու Աստծու Որդին ես» (Մատթեոս 14.32-33):
Եթե ընդունես Տեր Հիսուսին քո կյանքի մեջ, քո կյանքում Նրա հետ միասին կգա նաև երկար սպասված քո խաղաղությունը։ Տեր Հիսուսին ընդունում են՝ Նրա խոսքերին հավատալով և Նրա կամքին հնազանդվելով։
«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․11-13):
Տեր Հիսուսին ընդունողները Աստծուց ծնվածներն են և Նրա ընտանիքին որդեգրված զավակները։ Մի՛ նայիր կյանքի փոթորիկներից տարուբերվող քո նավակին։ Մի՛ նայիր քո հայացքը Տեր Հիսուսից շեղող քամիներին։ Մի՛ մտածիր, թե դեռ ժամանակը չէ Տեր Հիսուսին ընդառաջ գնալու կամ դու արժանի չես Նրա աշակերտի կյանքով ապրելուն:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տերը չի ասում՝ մաքրվի՛ր, հետո արի Ինձ մոտ, Նա ասում է՝ արի՛ Ինձ մոտ, և Ես կմաքրեմ քեզ։ Տերը չի ասում՝ կյանքդ կարգավորի՛ր, հետո միայն արի Ինձ մոտ, Նա ասում է՝ արի՛ Ինձ մոտ, և Ես կկարգավորեմ քո կյանքը։
Հավատա՛ Տեր Հիսուսի պատվիրաններին և անգամ անհավանական թվացող հրահանգներին։ Հնազանդվի՛ր Նրա կամքին և, Նրան ընդունելով քո կյանքի մեջ, կընդունես թե՛ Նրա խոստացած անըմբռնելի խաղաղությունը, թե՛ կվերապրես պատասխանված աղոթքների ցնցող փորձառությունը և թե՛ այս աշխարհում հնարավոր ամենամեծ խոստումը՝ հավիտենական կյանքի պարգևը։
«Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5.12-15):
Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես: Թո՛ւյլ տուր, որ Աստծու Խոսքն արմատանա քո մեջ, և հիշի՛ր՝ քամիները միշտ լինելու են, բայց քո հայացքը թող մնա անշարժ՝ միշտ ուղղված մեր սքանչելի Տեր Հիսուսին։