Աստված կխաղաղեցնի քո կյանքի ուժգին փոթորիկը
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Կրկին անդրադառնանք Տեր Հիսուսի՝ ջրերի վրայով քայլելու պատմությանը, որտեղ նաև Պետրոս առաքյալն է քայլում ջրերի վրայով։ Երբ վերջինս շեղում է իր ուշադրությունը Տեր Հիսուսից և նայում ուժգին փչող քամուն ու ալիքներին, սկսում է ընկղմվել ջրի մեջ։
Սիրելի՛ Ընկեր, մեր նախորդ ուղերձի մեջ մենք հասկացանք, որ պետք է այնքա՜ն խորը գնանք և այնքա՜ն մոտենանք մեր Տիրոջը, որ երբ հանկարծ սուզվենք, Նա կարողանա անմիջապես բռնել մեր ձեռքից և դուրս բերել այս կյանքի փոթորկոտ ալիքների սպառնալիքների միջից։
«Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց» (Մատթեոս 14.30-32):
Հատկանշական է, որ Տեր Հիսուսը Պետրոսին ջրում սուզվելուց փրկելուց հետո նրա հետ միասին մտնում է նավակի մեջ։ Վերը բերված հատվածում կարդում ենք, որ երբ նրանք նավ մտան, քամին հադարտվեց։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե Տեր Հիսուսը քո կյանքի նավակի մեջ է, ապա ցանկացած քամի ու փոթորիկ ի վերջո հանդարտվելու է Նրա աստվածային զորության և իշխանության ներքո։
Տերը Իր աշակերտներին խաղաղություն է խոստացել։ Սակայն այդ խաղաղությունը առանց դժվարությունների ու խոչընդոտների կյանքը չէ։ Ընդհակառակը՝ Տերը խաղաղություն է խոստացել հե՛նց այն ժամանակ, երբ մենք անցնում ենք մեր կյանքի ծանրագույն ընթացքով։ Նա մեզ զգուշացրել է, որ աշխարհում նեղություններ կարող ենք ունենալ։ Սակայն Նրա խոսքերը՝ Նրա ուսուցումների ու խոստումների հանդեպ մեր ամուր հավատքը, մեզ իրական ու անսասան խաղաղություն են պարգևում։
«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16․33):
Հավատքի կյանքը մարդու ներսի աստվածային խաղաղությունն է՝ դրսի փոթորիկների ժամանակ, որովհետև երբ Տեր Հիսուսը մտնում է ալիքներից ճոճվող քո նավակի մեջ, բոլոր քամիները հանդարտվում են։ Կանչի՛ր Նրան քո կյանքի մեջ։ Ընդառաջ գնա՛ դեպի Տերը։ Եվ, ի վերջո, Նա կգա քո նավակի մեջ և կհանդարտեցնի բոլոր քամիները․․․