Մի՛ վախեցիր խորանալուց
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Երբ Տեր Հիսուսը կանչում է մարդուն հաղթահարելու անհնարին թվացող պատկերացումները և անգամ ջրերի վրայով քայլելու անհավանական փորձառության նմանությամբ ընդառաջ գալու դեպի Իրեն, մյուս կողմից աշխարհի մարդկանց հորդորները, զգուշացումներն ու մեր հավատքի կենտրոնացումն ու հայացքը Տեր Հիսուսից շեղող քամիները հակառակ ուղղությամբ են մեզ տանում։
Սիրելի՛ Ընկեր, հավատացյալ մարդուն ամենաշատը տրվող «խորհուրդներից» մեկը հնչում է այսպես․ «զգույշ եղի՛ր, հանկարծ չխորանաս հավատքի մեջ»։ Մարդիկ սկսում են ահասարսուռ պատմություններ պատմել, թե ինչպես են մարդիկ խորացել հավատքի մեջ և իբրև թե կործանվել։
Աշխարհի տված «մի՛ խորացիր» խորհուրդը չարից է, որովհետև առանց խորը հոգևոր արմատների առաջին իսկ թեթև քամին կամ դժվարությունը մեզ հետ է շպրտելու դեպի նախկին կյանքն ու մեղավոր սովորությունները։
Աստվածաշնչի խորհուրդը միանշանակ է՝ «խորացի՛ր հավատքի կյանքի մեջ, խորացի՛ր Տեր Աստծուն ճանաչելու և Նրա հետ քո հարաբերությունների մեջ, խորացի՛ր և ընդառաջ գնա Տեր Հիսուսին՝ ավելի ու ավելի մոտիկ․․․, այնքան մոտ, որ եթե հանկարծ սուզվես այս աշխարհի ալիքների մեջ, Նա անմիջապես բռնի քո ձեռքից ու քեզ դուրս բերի կործանման ու մահվան ճիրաններից»։
«Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթեոս 14․30-31):
Ո՞ւմ ենք մենք լսում՝ աշխարհի «մի՛ խորացիր» խորհո՞ւրդը, թե՞ Աստվածաշնչի «խորացի՛ր» պատվիրանը։ Կա՛մ մենք խորը արմատներ ունեցող հավատացյալներ ենք դառնում, կա՛մ մնում ենք մակերեսային հավատացյալներ, որոնց մասին խոսում է Տեր Հիսուսը Սերմնացանի առակի մեջ։
«Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան» (Մատթեոս 13․5-6):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Լսի՛ր Նրա հորդորները։ Մի՛ լսիր Նրա խոսքերին հակառակ խորհուրդները։ Երբ Նա կանչում է քեզ առաջ քայլելու դեպի Իրեն, հավատքով գնա՛ առաջ։ Նա՛ է քո Փրկիչը։ Նա՛ է քո Պաշտպանը։ Նա՛ է քեզ զորացնողը և քեզ քո դժվարություններից ազատողը։
Բացի մակերեսային արմատներ ունեցող հավատացյալի մասին Տեր Հիսուսի զգուշացումից, Աստվածաշնչում նկարագրվում է նաև հավատքի մեջ խորացած՝ հավատքի կյանքում խորը արմատներ ունեցող մարդը։
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 1․1-3):
Երբե՛ք չվախենաս հավատքի կյանքում խորանալուց։ Խորը արմատները զարգանում են, երբ մարդը իր մեջ զարգացնում է մեղքից հեռանալու հմտությունը։ Հավատքի կյանքում խորը արմատները ամրանում են, երբ մարդը մշտապես մտածում է Աստծու Խոսքի և Նրա կամքը ճանաչելու մասին։ Նման մարդու համար Աստծու անսխալական ու անխախտ Խոսքն ասում է, որ ամենը, ինչ նա անում է, հաջողվում է։
Ես մեծ փափագ ունեմ դառնալու առաջին Սաղմոսի նկարագրած հավատացյալը։ Ես փափագ ունեմ, որ լինեմ ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես, այլ ոչ թե ոգևորությամբ աճած ու արմատներ չունեցող ցորենների նման, որոնք առաջին իսկ դժվարության և հալածանքի պարագայում չորանում են։ Ես ուզում եմ խորանալ Աստծու հետ մտերմության մեջ և հնարավորինս մոտենալ իմ Փրկիչին։ Իսկ դո՞ւ․․․
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ․․․» (Հակոբոս 4.8):