• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2026 թ.

Մի՛ նայիր կյանքի տարբեր քամիներին

Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Երբ մարդը որոշում է դուրս գալ իր կյանքի նավակից ու ջրերի վրայով քայլել դեպի Տեր Հիսուսը, տարբեր քամիներ կարող են նրան խանգարել, շեղել ուշադրությունը և ամեն բան անել, որպեսզի Քրիստոսի խոսքերին հավատացած մարդը կտրի իր հայացքը Տեր Հիսուսից և նայի այս ահարկու թվացող քամիներին։ 

«Պետրոսը Նրան ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»։ Իսկ Նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան․․․» (Մատթեոս 14.28-31):

Սիրելի՛ Ընկեր, երբևէ անցե՞լ ես որևէ վտանգավոր կամրջի վրայով կամ բարձր վտանգավոր տեղով։ Եթե անգամ չես անցել, ապա հաստատ գիտես, որ նման պահերին մարդուն խորհուրդ են տալիս ցած չնայել՝ չնայել վտանգին, այլ նայել առաջ ու տեսնել քեզ օգնելու պատրաստ մարդկանց կամ բռնվելու հարմարանքները, այլ ոչ թե սարսափելի հեռանկարը։ 

Ճիշտ նույն կերպով, երբ մենք դուրս ենք գալիս մեր կեղծ ապահովության նավակից․․․, երբ ապաշխարում ենք ու սկսում այս կյանքի դժվարությունների ջրերի վրայով քայլել դեպի մեզ ընդառաջ եկող Տեր Հիսուսը, մենք մեր հայացքը չպետք է կենտրոնացնենք մարդկանց սպառնալիքների կամ հակաաստվածաշնչյան խորհուրդների վրա։ 

Մեր ուշադրությունը շեղող քամիները կարող են շատ տարբեր լինել՝ ընտանիքի անդամների վերաբերմունքից մինչև ընկերների հորդորների և անգամ չարի ուղարկած բամբասանքի ու չարախոսության, կասկածի ու սուտ մեղադրանքների մտքերը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, կյանքի փոթորկոտ ալիքների մեջ քո սուզվելու միակ պատճառը Տեր Հիսուսից հայացքդ կտրելն ու ուշադրությունդ քեզ շրջապատող սաստիկ քամիների վրա կենտրոնացնելն է։ Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Նա է քեզ օգնողը, եթե անգամ սկսես սուզվել։ 

Քո բոլոր սխալների ու դժվարությունների մեջ Պետրոս առաքյալի պես աղաղակիր Տիրոջը․ «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Տերը իսկույն Իր ձեռքը կմեկնի ու կօգնի քեզ, որպեսզի չսուզվես, այլ պինդ ու հաստատուն կանգնես այս աշխարհի փոթորկոտ ջրերի վրա։ Միայն Տեր Հիսուսը կարող է նման հրաշք անել Իրեն ապավինողների կյանքում։ 

«Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն Նրա՛ մասին մտածեք․․․» (Եբրայեցիս 12․1-3):

Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես․․․ Գործնական իմաստով սա նշանակում է մշտապես Նրա մասին մտածել՝ մշտապես Նրան ունենալ քո աչքերի առջև։ Երբ որևէ խորհուրդ կամ սպառնալիք ես լսում մարդկանցից, մտածի՛ր, թե ինչ կասեր Տերը։ Երբ ընկճված ես ու հուսահատված, մտածի՛ր, թե ինչպես քեզ կմխիթարեր ու կքաջալերեր Տերը։ Երբ չգիտես՝ ինչ անել, մտածի՛ր Նրա մասին և իմաստություն խնդրի՛ր Նրանից։ Քո կյանքի ամեն իրավիճակում մտածի՛ր Տեր Հիսուսի մասին և հայացքդ Նրանից երբե՛ք չկտրես․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես