• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 հլս 2026 թ.

Ապաշխարության աղոթքը և հոգևոր կյանքի սկիզբը

Հրապարակման ամսաթիվ 19 հլս 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք իրական ապաշխարությունից բնականորեն բխող կարևորագույն հարցի շուրջ՝ «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար»։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ խոսելու ենք այդ հարցի պատասխանի և հոգևոր կյանքի սկիզբը նախանշող աղոթքի և որոշման մասին։ 

Սիրելի՛ Ընկեր, ամեն անգամ, երբ Աստվածաշնչում ապաշխարող մարդիկ տալիս են «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար» հարցը, պատասխանը շատ նման է Պետրոս առաքյալի պատասխանին, երբ Պենտեկոստեի օրվա քարոզից երեք հազար մարդ ապաշխարեց։ 

«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան» (Գործք Առաքելոց 2․38-41):

Ապաշխարությունը կարող է սկսվել հենց այս պահին, որտեղ էլ որ լինես։ Դու կարող ես առանձնանալ, ծնկի գալ Տեր Աստծու առջև և սրտիցդ բխող քո անկեղծ աղոթքն ուղղել Աստծուն՝ ասելով այս խոսքերը. «Տե՛ր, ես զղջում եմ, որ մինչև հիմա առանց Քեզ եմ ապրել: Ես կարծում էի, թե Քեզ հետ եմ, բայց հիմա հասկանում եմ, որ հնազանդ չեմ եղել Քո կամքին: Ես գիտեմ, որ մեղավոր մարդ եմ և մեղքերի ներման կարիք ունեմ։ Եվ հավատում եմ, որ իմ մեղքերի ներման միակ ուղին Գողգոթայի խաչի վրա Քո զոհին հավատալն է և Քո ուսուցումներին հավատարիմ կյանք ապրելն է։ Ես որոշում եմ կայացնում հեռանալ աշխարհի սկզբունքներով ապրելուց և ապրել Քո պատվիրաններին ու Քո կամքին հնազանդ կյանքով։ Տե՛ր Հիսուս, խնդրում եմ, որ լինես իմ կյանքի Տերը և իմ Թագավորը»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե այս աղոթքը բխում էր քո սրտի խորքից և քո ողջ էությամբ համաձայն ես թողնելու աշխարհի կյանքն ու ապրել հավատացյալի կյանքով, ապա Տեր Աստծու անտեսանելի ձեռքը քեզ արդեն իսկ վերցրել է խավարի իշխանությունից և տեղափոխել Իր Որդու Արքայության մեջ: Ապաշխարելով և հավատացյալ դառնալով՝ դու ստանում ես քո բոլոր մեղքերի ներումը և հոգևոր աշխարհում ստանում ես բացարձակապես նոր ու օրհնյալ մի կարգավիճակ։ Դու Քրիստոսինն ես՝ Նրա ընտանիքի մի մասնիկը և Նրա իշխանությունը քեզ վրա կրողը։ 

Եվ վերջում ուզում եմ խոսել աստվածաշնչյան ոչ պակաս կարևոր մեկ այլ ճշմարտության մասին։ Փրկված մարդը չի կարող միայնակ մնալ: Գործք Առաքելոց գրքում փրկվածները անմիջապես միացան եկեղեցուն: Եկեղեցին այն վայրն է, որտեղ հավատացյալին օգնում են ուսուցումներով, հորդորներով, ծոմով ու համատեղ աղոթքով, որպեսզի նա օրեցօր ավելի ու ավելի նմանվի Քրիստոսին:

Ապաշխարության անկեղծ աղոթքը մարդուն ակնթարթորեն ազատում է խավարի իշխանությունից և տեղափոխում Լույսի Արքայություն, իսկ եկեղեցական համայնքը դառնում է այն միջավայրը, որտեղ պահպանվում և աճում է այդ նոր ծնված կյանքը:

Չկա՛ ավելի մեծ երանություն, քան ապաշխարությամբ հավատացյալ դառնալը։ Քրիստոսի աշակերտ լինելը ամենաարտոնյալ տիտղոսն է

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես