Իրական ապաշխարության առաջին հարցը
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Իրական ապաշխարությունը արտահայտվում է Տեր Աստծու համար ապրելու մեծագույն փափագով։ Իրական ապաշխարության ժամանակ մարդը գիտակցում է Աստծու զորավոր սերն ու մեծությունը և հավատում է հոգևոր աշխարհի մասին Նրա փոխանցած ճշմարտություններին։ Իրական ապաշխարությունը խորը զղջումն է նախկին ապրելակերպի համար և փոխվելու պատրաստակամությունը՝ Աստծու կամքով ապրելու համար։
Սիրելի՛ Ընկեր, իրական ապաշխարությունը ուղեկցվում է աշակերտ դառնալու փափագով և այդ փափագից ծնված բնական հարցով՝ «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար»: Երբ Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալի քարոզից մարդիկ ապաշխարեցին, նրանք այդ նույն հարցը տվեցին․
«Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր» (Գործք Առաքելոց 2.37):
Աստվածաշնչում բազմաթիվ են նկարագրությունները, երբ մարդիկ հավատում են փրկության մասին քարոզին և ապաշխարելուց հետո տալիս են նույն այս հարցը։ Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի ապաշխարության մասին քարոզից հետո։
«Եվ ժողովուրդը նրան հարցնում էր. «Հապա ի՞նչ անենք»… Մաքսավորները եկան մկրտվելու ու նրան ասացին. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»… Զինվորներն էլ էին նրան հարցնում. «Հապա մե՞նք ինչ անենք»… (Ղուկաս 3.10,12,14):
Նույն հարցը տեսնում ենք Պողոսի և Շիղայի բանտարկության պատմության մեջ, երբ բանտապահն է ապաշխարում։
«Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ» (Գործք Առաքելոց 16.29-30):
Եվս մեկ օրինակ հե՛նց Պողոս առաքյալի ապաշխարության պատմությունից, երբ նա Դամասկոսի ճանապարհին հանդիպում է Տեր Հիսուսին և հասկանում, որ մինչ այդ պայքարում էր այն Աստծու դեմ, որին կարծում էր, թե նվիրյալ ու նախանձավոր կերպով էր ծառայում։ Նա պատմում է իր ապաշխարության մասին և նաև այն հարցի մասին, որ անմիջապես ապաշխարելուց հետո տվել էր Տեր Հիսուսին։
«Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես» (Գործք Առաքելոց 22․10):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ո՞րն է իրական և կեղծ ապաշխարության միջև հիմնական տարբերությունը։ Կեղծ ապաշխարության մեջ կա զղջում, անգամ՝ ափսոսանք սխալ կյանք ապրելու համար, սակայն չկա փոխվելու և Աստծու կամքի համեմատ մարդ դառնալու պատրաստակամությունը։ Կեղծ ապաշխարության ժամանակ չի ծնվում իրական ապաշխարության առաջին հարցը՝ «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար»:
Ապաշխարությունը սոսկ հուզական ապրում չէ, այլ կյանքի ուղղության և ապրելակերպի կտրուկ շրջադարձ, ինչպես նաև՝ Աստծու կամքին հնազանդ ապրելու ուխտի մեջ մտնելու անսասան իրողություն: Իսկ դու ապրե՞լ ես իրական ապաշխարության փորձառությունը։ Քո սրտում ծնվե՞լ է «Ի՞նչ է պետք անել Տեր Աստծուն հաճելի լինելու համար» կարևորագույն հարցը․․․