Սրտով հավատալ և բերանով դավանել
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Ապաշխարության և հավատացյալ դառնալու վերջնանպատակը մարդու փրկությունն է։ Իսկ փրկության հարցում մի կարևոր բաղադրիչ կա, որը շատ շատերն են անտեսում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ սրտով հավատալը պետք է ուղեկցվի շուրթերի դավանությամբ, որպեսզի մարդը հավատքով արդարանա և ընդունի Տեր Հիսուսի պարգևած փրկությունը։
«Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար» (Հռոմեացիս 10․9-10):
Սիրելի՛ Ընկեր, իսկ հնարավո՞ր է արդյոք ամբողջ սրտով հավատալ Տեր Հիսուսին, սակայն անհարմար զգալ, ամաչել կամ անգամ հրաժարվել Նրա աշակերտը լինելու փաստը մարդկանց խոստովանելուց։
Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է նման դեպք։ Որոշ հրեա իշխանավորներ հավատացին Տեր Հիսուսին, բայց մարդկանց ճնշման պատճառով չէին դավանում։ Եթե բացահայտվեր նրանց հավատքը Տեր Հիսուսի հանդեպ, ամենայն հավանականությամբ նրանք կորցնելու էին իրենց դիրքն ու հեղինակությունը իրենց շրջապատի մարդկանց աչքերում։ Նրանք ժողովարանի անդամներ էին, իսկ Հիսուսի աշակերտը դառնալուց հետո նրանք զրկվելու էին հրեաների կողմից ընդունված ժողովարանում տեղ ունենալուց։
Աստվածաշունչն ասում է, որ թեև նրանք հավատացել էին Տեր Հիսուսին, սակայն մարդկանց փառքը Աստծու փառքից ավելի սիրեցին:
«Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես Նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն. քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից» (Հովհաննես 12․42-43):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ Քրիստոսին մարդկանց առաջ դավանելուց հրաժարվելը։ Ինչո՞ւ է Աստվածաշունչը կարևորում սրտով հավատալու պարագայում բերանով դավանելուց չհրաժարվելը։
Երբ դառնում ես հավատացյալ՝ Քրիստոսի հետևորդ և հավատարիմ աշակերտ, հասարակությունը, ընտանիքդ կամ գործընկերներդ կարող են ճնշել, ծաղրել կամ անգամ մեղադրել քեզ «մեր պապերի հավատքը դավաճանելու» մեջ: Նույնը Տեր Հիսուսի ժամանականերում էր կատարվում։ Հրեաները հետևում էին իրենց հայրերի ավանդությանը, այլ ոչ թե Տեր Հիսուսի ուսուցումներին։
Իսկ ի՞նչն է քե՛զ համար կարևոր՝ մարդկանց կարծի՞քը, թե՞ Տեր Հիսուսի պատվիրաններին հնազանդ կյանքը։ Ո՞րն է ավելի արժեքավոր քեզ համար՝ մարդկանց մոտ ունեցած քո համբավն ու հեղինակությո՞ւնը, թե՞ Աստծու գնահատականը քո հավատքին և Քրիստոսին աշակերտ լինելու քո ընթացքին։ Տեր Հիսուսի շնորհած փրկությունն ընդունելը պահանջում է նաև Նրա անվան դավանությունը մարդկանց առաջ՝ անկախ հանգամանքներից, պահանջվող գնից ու հետևանքներից:
«Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։ Արդ, ամեն ոք, ով Ինձ մարդկանց առաջ խոստովանի, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ Երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ Ինձ ուրանա, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ Երկնքում է» (Մատթեոս 10․29-33):
Ավետարանի խոսքը լսելը բավարար չէ։ Պետք է նաև Ավետարանի պահանջներին հնազանդ լինել: Սա նեղ ու դժվարին ճանապարհ է, բայց Աստված խոստանում է Իր զորությունը նրանց, ովքեր չեն ամաչում Իր անունը մարդկանց առաջ դավանելուց: Անշուշտ, ամեն պահ չենք կարող դավանել, որ Քրիստոսի աշակերտներն ենք, սակայն երբ գալիս է դավանության պահը և մարդիկ հարցնում են մեզ մեր հավատքի մասին, մենք երբե՛ք չպետք է խուսափենք ուղիղ պատասխան տալուց մեր հավատքի վերաբերյալ։
Ճշմարիտ հավատքը չի կարող երկար թաքնված մնալ. սրտի համոզմունքը բնականորեն ծնում է բերանի բացահայտ դավանություն և հավատքի սկզբունքներին հնազանդ կյանք: Իսկ դու դավանո՞ւմ ես քո հավատքը մարդկանց առջև, թե՞ ամաչում ես ասել, որ հավատացյալ ես և ապրում ես Քրիստոսի աշակերտի կյանքով։