Հոգևոր ինքնաքննության երեք հարցերը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Այժմ, երբ մենք անդրադարձանք հավատացյալ լինելու աստվածաշնչյան հորդորին ու հասկացանք, թե ինչ է նշանակում ապաշխարել և դառնալ հավատացյալ, ինչպես նաև, երբ արդեն գիտենք, որ հոգևոր աշխարհում կա միայն երկու թագավորություն, և յուրաքանչյուր մարդ կա՛մ մաս է կազմում Տեր Հիսուսի լույսի Արքայությանը, կա՛մ մաս է կազմում խավարի կործանարար թագավորության, ժամանակն է, որպեսզի կարողանանք անկեղծորեն քննել մեր հոգևոր քաղաքացիությունը՝ մենք հավատո՞ւմ ենք Քրիստոսի ուսուցումներին և Նրա Արքայության զավակներն ենք, թե՞ խաբված ենք ու չգիտենք, որ ստրկացած ենք խավարի իշխանությանը։
Սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպե՞ս կարող ենք քննել ու բացահայտել մեր հոգևոր քաղաքացիությունը։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել մեր փրկված լինելու և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ Աստծու Ընտանիքին որդեգրված լինելու հարցում։ Ինչպե՞ս է սատանան խաբում մարդկանց և փափուկ բարձ դնում նրանց գլխի տակ, որպեսզի նրանք չանհանգստանան փրկության մասին ու հանկարծ չիմանան հոգևոր իրողությունների մասին ճշմարտությունը։
Առաջին հարցը, որը պետք է քննենք, հետևյալն է։ Յուրաքանչյուրս պետք է իր հավատքը համապատասխանեցնի Աստվածաշնչյան հավատքի մասին ճշմարտությանը։ Գործնականում դա նշանակում է, որ ես ինձ պետք է հարց տամ՝ արդյոք ասելով, թե հավատում եմ Աստծուն, նկատի ունեմ՝ միայն Աստծու գոյության հանդեպ հավա՞տս, թե՞ նաև հավատում եմ Աստծու Խոսքի մեջ Նրա փոխանցած ճշմարտություններին։ Սա առանցքային կարևորության հարց է, քանի որ փրկարար հավատը ծնվում է Աստվածաշնչում տեղ գտած ճշմարտությունների հանդեպ մեր վստահության վերաբերմունքից։
«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10․17):
«Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է» (Հակոբոս 2․19-20):
Աստծու գոյության փաստն ընդունելը բավարար չէ փրկության համար։ Մարդը պետք է նաև ձգտում ունենա հնազանդվելու Աստծու Խոսքի մեջ տեղ գտած հորդորներին, պատվիրաններին և սկզբունքներին։
Երկրորդ հարցը, որը պետք է անկեղծորեն քննենք մեր հավատքի հարցում, այն է, թե մենք հավատում ենք Աստվածաշնչի էջերում ներկայացված Քրիստոսի՞ն, թե՞ մեր երևակայության մեջ Քրիստոսի սեփական պատկերացումն ենք կերտել և հավատում ենք նրան, որը, սակայն, տարբերվում է Աստվածաշնչի ներկայացրած Քրիստոսից։
«Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։ Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք» (Բ Կորնթացիս 11․3-4):
Տեր Հիսուսի հանդեպ հավատք ունենալը հրաշալի է, սակայն մենք պետք է քննենք մեր հավատքը, թե արդյոք մեր պատկերացումները Քրիստոսի վերաբերյալ հիմնվա՞ծ են Աստծու ճշմարիտ Խոսքի փոխանցած ճշմարտությունների վրա, թե՞ մենք ուրիշ Հիսուսի ենք հավատացել։ Շատերը հավատում են ֆիլմերի, առասպելների կամ սեփական պատկերացումների Հիսուսին, որը հարմարվում է նրանց կենսակերպին․․․, որը մեղքի համար չի հանդիմանում և չի պահանջում կյանքի ու մտածելակերպի փոխակերպում: Ճշմարիտ հավատքը պահանջում է ճանաչել Սուրբ Գրքի ներկայացրած Հիսուսին:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ մենք հավատում ենք Աստծու Խոսքի ճշմարտությանը և Աստվածաշնչի ներկայացրած Հիսուսին, ժամանակն է պատասխանելու մեր հոգևոր պատկանելությունը բացահայտող ինքնաքննության երրրորդ և վերջին հարցին։
Քանի որ փրկությունը և Աստծու ընտանիքին որդեգրվելն ու Աստծու Արքայության քաղաքացի դառնալը հնարավոր է միայն և միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ, մենք պետք է հստակ կարողանանք պատասխանել այն հարցին, թե մեր հավատքը համահո՞ւնչ է արդյոք Աստվածաշնչի ակնկալած հավատքին։
Հավատալ Քրիստոսին՝ նշանակում է հավատալ, որ Աստվածաշնչում Նրա փոխանցած յուրաքանչյուր սկզբունք բացարձակ ճշմարտություն է և Նրա ուսուցանած պատվիրանները մեր կողմից պետք է հնազանդության արձագանքի հանդիպեն։ Եթե մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, ապա պետք է պատրաստ լինենք մեր սեփական սկզբունքները համահունչ դարձնել Նրա ուսուցանած ճշմարտություններին և մեր կյանքը կառուցել Տիրոջ փոխանցած պատվիրանների վրա:
Փրկարար հավատքը ո՛չ թե պատմական Հիսուսի գոյությունն ընդունելն է, այլ Աստվածաշնչի Քրիստոսին որպես անձնական Տեր ճանաչելն ու Նրա խոսքերին վստահելը: