Երկու թագավորությունների իրողությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Ապաշխարելու և հավատալու հարցում շատ կարևոր է հավատալ հոգևոր աշխարհում գոյություն ունեցող երկու թագավորությունների մասին աստվածաշնչյան ճշմարտությանը։
Սիրելի՛ Ընկեր, հոգևոր իշխանության առումով Աստվածաշունչը ճանաչում է միայն երկու իրականություն: Երրորդ թագավորություն կամ որևէ չեզոք վիճակ գոյություն չունի: Յուրաքանչյուր մարդ կա՛մ պատկանում է Տեր Հիսուսի Արքայությանը, որտեղ մարդը լուսավորված է աստվածաշնչյան ճշմարտության շնորհիվ, կա՛մ ապրում է խավարի թագավորության ստրկության մեջ, որտեղ խաբված է հոգևոր իրողությունների մասին անտեղյակության պատճառով կամ էլ հայտնվել է ինքնախաբեության ծուղակի մեջ։
«․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու Արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):
«Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի Նրա՛ առաքինությունները քարոզեք, Ով ձեզ խավարից դեպի Իր սքանչելի լույսը կանչեց» (Ա Պետրոս 2․9):
Աստվածաշունչը հստակ է երկու հոգևոր թագավորությունների մասին ճշմարտությունը մեզ փոխանցելու մեջ։ Սակայն խավարի իշխանության կապանքների ներքո գտնվող շատ մարդիկ իրենց համոզում են, որ քանի որ իրենք «այնքան վատը չեն, որքան մյուսները»․․․, քանի որ իրենց մեղքերը տարբերվում են ուրիշների մեղքերից, իրենք կարիք չունեն Քրիստոսի աշակերտը դառնալու և հավատքի կյանքով ապրելու:
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել» (Հովհաննես 3․16-21):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, վերը բերված աստվածաշնչյան խոսքը հստակ ցույց է տալիս, թե ովքե՛ր են խավարի մեջ, իսկ ովքեր՝ լույսի մեջ։ Խավարի կամ լույսի թագավորությանը պատկանելը կախված է Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ մեր վերաբերմունքից։ Եթե մենք գալիս ենք դեպի լույսը, թողնում ենք մեղքի կյանքը, ընդունում ենք Քրիստոսի ուսուցումները և մեր կյանքը հնազանդությամբ համապատասխանեցնում ենք դրանց՝ խոստովանելով մեր հանցանքները, ապա մենք լույսի մեջ ենք և ապրում ենք որպես Քրիստոսի աշակերտներ։ Եթե ծածուկ մեղքի կյանքով ենք ապրում և մերժում ենք Քրիստոսի ուսուցումները, ուրեմն խավարի մեջ ենք։ Այս երկու իրողություններն անհերքելի են և անկախ նրանց հանդեպ մեր վերաբերմունքից՝ հոգևոր իրականությունը չի փոխվում․ այս անխախտ ճշմարտությունն է մեզ փոխանցում Աստվածաշունչը։
Հոգևոր աշխարհում չկա՛ չեզոք տարածք և պատկանելություն․ յուրաքանչյուր մարդ կա՛մ խավարի իշխանության տակ է, կա՛մ Աստծու Որդու լույսի Արքայության մեջ։ Մարդուն տրված է միայն մեկ կյանք երկրի վրա, որից հետո գալիս է դատաստանը: Քանի դեռ շունչ կա մեր ռունգերի մեջ, մենք ունենք հնարավորություն և արտոնություն կատարելու հոգևոր քաղաքացիության այդ տեղափոխությունը: