• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 հլս 2026 թ.

Հավատացյալ դառնալը և Թովմաս առաքյալի փորձառությունը

Հրապարակման ամսաթիվ 13 հլս 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Մեր հասարակության մեջ դեռ զգացվում են կոմունիստական անաստված ու խավար գաղափարախոսության թողած հետքերը, որոնք տասնամյակներ շարունակ «հավատացյալ» բառը կապել են անգրագիտության, թշվառության և թույլ ու տկար լինելու հետ: 

Սիրելի՛ Ընկեր, ուղերձների այս շարքը նպատակ ունի կոտրելու անաստվածության խավար գաղափարախոսության թողած կարծրատիպերը և Աստվածաշնչի քրիստոնեական լույսը սփռելու ապաշխարության ու հավատացյալ դառնալու օրհնյալ փորձառության վրա։ Քրիստոնյան պետք է հստակ տեղեկացված լինի, թե ինչ է իրական ապաշխարությունը, քանի որ Տեր Հիսուսն Ինքն էր ապաշխարություն քարոզում, և նաև պետք է կարողանա արիաբար ասել՝ «ես հավատացյալ եմ», որովհետև դա նրա՝ Քրիստոսի աշակերտ լինելու ինքնության հռչակումն է:

Իսկ ի՞նչ է իրականում նշանակում շատերի համար այդքա՜ն վախեցնող «հավատացյալ» բառը և ո՞րն է դրա հականիշը։ «Հավատացյալ» բառը ժամանակակից հայերենում կրում է հավատացող իմաստը։ Այս բառի հականիշը անհավատն է կամ կասկածամիտն ու երկմտողը։ 

Ստորև բերված աստվածաշնչյան հատվածի մեջ Տեր Հիսուսը կասկածամիտ Թովմասին սովորեցնում էր, որ վերջինս լինի հավատացյալ՝ հավատա Իրեն ու Իր ուսուցումներին, քանի որ հավատքը չերևացող բաների հանդեպ վստահությունն է, երբ դրանց մասին տեղեկանում ենք այնպիսի վստահելի Աղբյուրից, ինչպիսին Աստվածաշնչում տեղ գտած ուսուցումներն են։ 

«Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս Իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և Իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար Ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20․24-29):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Թովմասի հոգևոր հիվանդությունը մեծ տարածում ունի մեր օրերում։ Բազմաթիվ են մարդիկ, որոնք թեև իրենց քրիստոնյա են համարում, սակայն հոգևոր ճշմարտությունների առումով ասում են նույն խոսքերը․ «Մինչև աչքերովս չտեսնեմ, ձեռքերովս չշոշափեմ՝ չեմ հավատա»: Սակայն ճիշտ ինչպես Թովմասի պարագայում, այս մարդկանց դեպքում էլ Տեր Հիսուսը չի մերժում հոգևոր հարցեր ու կասկածներ ունեցող մարդկանց, այլ նրանց առաջնորդում է դեպի իմացության և լուսավորման ավելի բարձր մակարդակը:

«Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով» (Եբրայեցիս 11․1-3):

Հավատքը տեղեկության աղբյուրին վստահելն է։ Որտեղի՞ց գիտենք, որ ժամանակն ու տիեզերքը Աստծու խոսքով են արարվել։ Մենք հավատում ենք Տեր Հիսուսի ուսուցումներին, որոնք գրված են Աստվածաշնչի մեջ։ Որտեղի՞ց գիտենք Քրիստոսի աշխարհ գալու, Նրա ծառայության, խաչի զոհի, հարության ու համբարձման մասին։ Մենք հավատում ենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ Հավատքը հուսացած բաների հանդեպ վստահությունն է և չերևացող բաների ապացույցը։ 

Հավատացյալները ո՛չ թե այն մարդիկ են, որոնք ամեն լսածի հավատում են, այլ այն մարդիկ, որոնց հավատքը ամուր հիմք ունի՝ այն խարսխված է Աստծու անսխալական Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։ 

Եթե Թովմասին Տեր Հիսուսը հայտնվեց ֆիզիկապես և ցույց տվեց անհավատությունից ու կասկածամտությունից դեպի ամենավստահելի Աղբյուրի վրա հիմնված հավատացյալ դառնալու ուղին, ապա այսօր Տերը հայտնվում է Իր գործերի, պատմության ընթացքի և Աստվածաշնչի մարգարեությունների ճշգրիտ կատարման միջոցով: Գիտությունն ու հնագիտությունը այսօր ոչ թե հերքում, այլ ապացուցում են Սուրբ Գրքի վավերականությունը:

Հավատացյալ լինելը Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ հավատք ունենալն է և տեսանելի ու անտեսանելի աշխարհի մասին բացարձակ ճշմարտության հանդեպ համոզմունք ձևավորելը: Մենք կա՛մ հավատացյալ ենք, կա՛մ կասկածամիտ ու, որ ավելի ծանր է, անհավատ։ 

Շնորհակալ կլինեմ, եթե այս ուղերձի մեկնաբանություններում կամ անձնական նամակով ինձ գրես, թե քո շրջապատում «հավատացյալ» բառի հանդեպ ի՞նչ բացասական կարծրատիպերի ես հանդիպել և թե ինչպե՛ս են մարդիկ վերաբերվում հավատացյալներին։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես