Հավատարիմների համար պատրաստված հաղթանակը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Աստվածավախ մարդկանց համար Տեր Աստծու պատրաստած օրհնությունների մասին Մաղաքիա մարգարեի խոսքերը կարող ենք անվերջ կարդալ և չհոգնել։ Մեր նախորդ ուղերձների մեջ մենք արդեն խոսել ենք այդ օրհնությունների մասին։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք այն զորավոր հաղթանակին, որը արդարության Արեգակի լույսն ընդունած մարդկանց տրված խոստումների մաս է կազմում։
«Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։ Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ Ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը» (Մաղաքիա 4․2-3):
Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդիկ ասես գառներ լինեն այս աշխարհի սկզբունքներով ապրող ամբարիշտ մարդկանց մեջ, որոնք ավելի շատ ապրում են գայլային բնազդներով։ Իրականում, բավականին դժվար է գառան բնավորությամբ ու սկզբունքներով ապրել գայլերի մեջ։ Տեր Հիսուսը Իր աշակերտներին այս ամենը զգուշացրեց վերջիններիս ծառայության հե՛նց ամենասկզբում։
«Ահա Ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները» (Մատթեոս 10․16):
Ամբարիշտ մարդիկ մյուս մարդկանց հետ հարաբերություններում կարող են այնպիսի զենքեր օգտագործել, որոնք մեր Տերը արգելել է մեզ։ Նրանք կարող են չարախոսել, մենք նրանց համար պետք է աղոթենք։ Նրանք բամբասում են և փնովում մեզ, մենք պետք է Տեր Աստծու մոտ բարեխոսենք նրանց համար, քանի որ խավարի մեջ են ու չեն հասկանում, թե ինչ են անում։ Նրանք մեզ վնասում են, մենք ամեն ջանք անում ենք, որ բարիով հաղթենք չարին։ Նրանք հիշաչար են, մենք՝ ներող։ Նրանք մեզնից գողանում են, մենք ավելին են տալիս, քանի որ իրենք կարիքի մեջ են։
Բայց այս ամենը անելիս՝ մենք չպետք է լինենք թույլ ու տկար, այլ օձերի պես խորագետ, բայց, միևնույն ժամանակ, աղավնիների պես միամիտ։ Մարդիկ կարող են չգնահատել Քրիստոսի աշակերտների ներող, զիջող, սիրող, հեզ ու խոնարհ վերաբերմունքը, սակայն Աստված տեսնում է այդ ամենը։ Այսօրվա քո հավատարմությունը Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելու սկզբունքներին, արդար վարքն ու բարի գործերը երբեք իզուր չեն լինելու։
Աստված տեսնում և գնահատում է քո ջանքերը։ Նա մի օր է սահմանել, երբ ողջ մարդկության առջև պարգևատրելու է քեզ։ Իսկ ամբարիշտ մարդկանց համար, որոնք կշարունակեն ապրել այս աշխարհի գայլային բնազդներով, Աստված դատաստանի օր է պատրաստել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո հավատարմությունն Աստծու Խոսքին այսօր կազմավորում է քո վաղվա հաղթանակը։ Անշուշտ, բոլորն էլ կհամաձայնեն, որ դժվար է գառների համար ապրել ու գործել գայլերի շրջապատում։ Սակայն ամենալավ լուրն այն է, որ գառների Հովիվը միշտ նրանց հետ է, որպեսզի պաշտպանի ցանկացած գայլի հարձակումից։
Տեր Հիսուսը մեր կողքին է և մեր Բարի Հովիվն է։ Իսկ վերջնական հաղթանակին հասնելու սկզբունքը բացահայտվում է ստորև բերված աստվածաշնչյան հատվածի մեջ։ Մենք պետք է չնմանվենք ամբարիշտ մարդկանց, մերժենք նրանց գայլային սկզբունքները և նրանց գիշատիչ վերաբերմունքին չարձագանքենք իրենց զենքերով, այլ մեր՝ Տեր Հիսուսի նմանությամբ բարիով հաղթենք չարին։
Եվ, ամենակարևորը, այս ամենի մեջ երբե՛ք չպետք է ձանձրանանք և երբե՛ք չպետք է թուլանանք։
«Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիս 6․9):