• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 հլս 2026 թ.

Հոգևոր ազատությունը և Քրիստոսի շնորհած ցնծությունը

Հրապարակման ամսաթիվ 1 հլս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Եվս մեկ անգամ ուզում եմ միասին ընթերցենք այս շարքի նախորդ երկու ուղերձների հիմնական խոսքը Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից, սակայն այս անգամ՝ ուշադրություն դարձնելով արդարության Արեգակի բերած լույսի և Նրա թևերի վրա եղած բժշկության արդյունքների նկարագրությանը։ 

«Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության Արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես» (Մաղաքիա 4.2):

Սիրելի՛ Ընկեր, պարարտ հորթերի հետ այս համեմատությանը ավելի խորը ծանոթանալը կարող է մեծ հոգևոր օրհնություններ բացահայտել, որոնք պատրաստված են աստվածավախություն ունեցող մարդկանց՝ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունածների համար։ 

Աստվածաշնչում բազմաթիվ են գյուղատնտեսության հետ համեմատությունները։ Եվ այս համեմատությունն էլ հե՛նց այդ նույն ոլորտից է, որը պարզ ու հասկանալի էր Մաղաքիա մարգարեի ժամանակակիցների համար։ 

Ավանդական գյուղատնտեսության մեջ, հատկապես ձմռան ամիսներին կամ ցուրտ ու անձրևոտ շրջաններում, մատղաշ հորթերին պահում էին մութ, տաք, բայց բավականին նեղ ու սահմանափակ գոմերում՝ նրանց ցրտից պաշտպանելու և պարարտացնելու համար։ Գոմում նրանք զրկված էին ազատ շարժվելուց և արևի լույսից։ 

Գարնանը, երբ արևը սկսում էր տաքացնել եղանակը, գոմի դռները բացվում էին։ Երկար ժամանակ փակի տակ մնացած հորթերը հանկարծակի դուրս էին գալիս լայնարձակ, կանաչ արոտավայր և տեսնում արևի լույսը։ 

Անասնապահներին քաջ հայտնի է այս տեսարանը. երբ գոմում երկար ժամանակ փակված հորթերն առաջին անգամ դուրս են գալիս ազատության մեջ, նրանք ոչ թե պարզապես քայլում են կամ վազում, այլ սկսում են անկառավարելիորեն ցատկոտել, վազվզել, պոչերը վեր տնկել և «խայտալ»։ Սա կենդանու մաքուր խնդության, կենսախնդության և ազատության բնազդային դրսևորումն է։ Նրանք առողջ են և լի էներգիայով, քանի որ «պարարտ» են՝ լավ սնված և ջերմության մեջ պահված։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, «Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես» համեմատությունը պատկերում է այն բացարձակ ազատությունն ու խնդությունը, որը գալիս է Տեր Աստծու ներկայությունից։ Երբ քո աստվածավախությամբ և ապաշխարության ընթացքով թույլ ես տալիս, որ արդարության Արեգակը ծագի քո կյանքում և Իր լույսի ու ջերմության շնորհիվ բժշկի քեզ քո մարմնավոր և հոգևոր հիվանդություններից, դու լցվում ես հե՛նց նմանատիպ ցնծությամբ և ուրախությամբ, քանի որ կոչված չես ապրելու կապանքների կամ տրտմության մեջ։

«Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում» (Հռոմեացիս 8․8-9):

Եթե իրապես քո աչքերի առջև նկարագրվեց այն ցնծությունն ու ուրախությունը, որը քեզ համար պատրաստել է Տեր Հիսուսը, ապա պետք է ևս մեկ անգամ ուշադրությամբ քննես քո կյանքը։ Դու քո որոշումները կայացնում ես քո ցանկությունների ու պատկերացումների՞ հիման վրա, թե՞ քեզ համար քո ցանկություններից ու քո շահից ավելի կարևոր է Աստծու կամքն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Դու մարմնի՞ն ես հետևում, թե՞ Աստծու Հոգուն ու Քրիստոսի պատվիրաններին։ 

Աստված քեզ համար մի աննկարագրելի ուրախություն է պատրաստել, որը քո զորությունն է այս կյանքում և ազատելու է քեզ ամեն տեսակ ճնշվածությունից։ Քո կյանքում հուսահատության, մեղքի, ճնշվածության կամ սպասման մութ շրջանը անմիջապես կավարտվի, եթե ընդունես Քրիստոսով փրկությունն ու ազատագրումը։ 

Ոստոստող հորթերը ներկայացնում են այն մարդկանց, որոնք ընդունելով այդ հոգևոր բժշկությունն ու ազատությունը՝ չեն կարողանում թաքցնել իրենց անսահման ուրախությունը։ Դա թեթևության, հոգևոր առողջության և կաշկանդվածությունից ձերբազատվելու պատկերն է։ Եվ այն այսօր քեզ համար է․․․

«Ուր Տիրոջ Հոգին կա, այնտեղ ազատություն կա» (Բ Կորնթացիս 3:17)

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես