Տեր Հիսուսը Լույսն է, որ հաղթել է խավարին
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Այս շարքի առաջին դասը, որին ուզում եմ միասին անդրադառնանք, վերաբերում է Մաղաքիայի մարգարեության մեջ փոխանցված այն զորավոր ու հրաշալի խոստմանը, որը խոսում է խավարի հանդեպ Լույսի հաղթանակի մասին, ինչպես նաև այն բժշկության մասին, որը Տերը պատրաստել է Իր անունից վախեցողների համար։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը ֆիզիկական երևույթներ հանդիսացող լույսն ու խավարը համեմատում է հոգևոր երևույթների հետ։ Խավարը մեղքի ու հոգևոր տառապանքների իրողությունն է, իսկ լույսը՝ մեղքից ազատագրման, ներման, սրբության, մաքրության և Քրիստոսի մեջ երանության կյանքի իրողությունն է։ Ավելին՝ Աստծու Խոսքը հստակ է այն հարցում, որ Լույսը Տեր Հիսուսն է, իսկ խավարի իշխանը՝ սատանան։
«Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց Լույսն էր։ Եվ Լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը Նրան չտիրեց։ Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհաննես 1․4-5,9):
«Եվ ահա այս է դատաստանը. Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը Լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է Լույսը ու չի գալիս դեպի Լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան» (Հովհաննես 3.19-20):
Իսկ ի՞նչ է սովորեցնում այս մասին Մաղաքիայի մարգարեությունը։ Ստորև բերված աստվածաշնչյան հատվածում մեծագույն քաջալերանք կա Աստծուն սիրող և Նրա անունից վախեցող մարդկանց համար։ Հե՛նց նրանց համար է ծագելու Լույսը՝ արդարության Արեգակը։ Եվ այս Լույսը ո՛չ միայն ցրելու է Քրիստոսին ընդունող մարդկանց կյանքերի խավարը, այլև վերացնելու է այդ խավարի հետևանքները՝ մեղքի ու մահվան բերած ավերածությունները։
«Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն» (Մաղաքիա 4․2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչ իրավիճակ էլ լինի քո կյանքի մեջ, այսօր ընդունի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի բերած լույսը քո կյանքի մեջ։ Ընդունի՛ր Նրան և քո կյանքից հեռացրու խավարը՝ մեղքի ու անօրենության բոլոր դրսևորումները։ Աստծու լույսն ի զորու է ցրել քո կյանքի ցանկացած խավար և անորոշություն։ Թո՛ւյլ տուր, որպեսզի քո կյանքում ծագի արդարության Արեգակը։ Նրա թևերի վրա է այնքա՜ն սպասված քո բժշկությունը՝ քո աղոթքների պատասխանն ու հարաբերությունների վերականգնումը։
Աստված չի ուզում, որ դու մնաս խավարի ճնշման ներքո։ Նա Իր Որդուն է աշխարհ ուղարկել, որ քեզ ազատի խավարի ու ստության կապանքներից և տեղափոխի Իր սիրելի Որդու Արքայության մեջ։ Ճանաչի՛ր Քրիստոսի Խոսքը։ Ճանաչի՛ր Նրա կամքը։ Հավատա՛ և ընդունիր Նրա ուսուցանած ճշմարտությունները։ Դարձի՛ր Նրա հավատարիմ աշակերտը։ Եվ կտեսնես, թե ինչպես է արդարության Արեգակը բժշկում քո կյանքը և լուսավարում քո կյանքի բոլոր մութ ու խավար կողմերը։
«ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, մեծ լույս տեսավ, և մահվան ստվերով աշխարհում նստողների համար լույս ծագեց» (Մատթեոս 4․16)։