Հաշվետու լինելու կարևորությունը
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը, հույս ունեմ, օրհնություն էր քեզ համար և կօգնի ծածուկ մեղքերից ազատվելու և իրական խաղաղության և օրhնության կյանք ապրելու հարցում։
Սիրելի՛ Ընկեր, մեղքից ազատվելու կարևորագույն ընթացքի մեջ ևս մեկ գործոն կա, որը, թերևս, ամենաանտեսվածն է։ Դա սեփական անձը հոգևոր իշխանություն ունեցող վստահելի ծառայողին հաշվետու դարձնելու իրողությունն է։ Բազմաթիվ քրիստոնյաներ ու հոգևոր կյանքով ապրող մարդիկ խուսափում են և չեն կարևորում հաշվետու լինելու աստվածաշնչյան ճշմարտությունը։
Նրանք նախ կարծում են, թե իրենք բավականաչափ ամուր են և երբե՛ք կարիք չունեն սրբության կյանքում մեկ ուրիշի աջակցության և, առավել ևս, նրան հաշվետու լինելու։ Իսկ հետո, երբ ընկնում են ծածուկ մեղքի ճահճի մեջ ու այդտեղից դուրս գալու օգնության կարիք են զգում, արդեն ամաչում են իրենց վրա կարգված հոգևոր իշխանությանը իրենց անկում ապրած վիճակը խոստովանելուց և քաշվում են սեփական անձը հաշվետու դարձնելով՝ հետագա անկումներից ապահովագրվելու փորձառությունից։
«Դրա համար, ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթացիս 10:12)
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ծածուկ մեղքի կյանքից ազատագրումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ ամենօրյա ընթացք։ Հոգևոր արթնությունը և հաշվետու լինելը պաշտպանում են մարդուն հետընթացից և մեղքի գայթակղության մեջ կրկին բռնվելուց։
Մենք կանչված ենք մեկս մյուսի բեռները կրելու համար։ Գաղատացիս 6․1-2 հատվածում իրար հանդեպ այս վերաբերմունքը ներկայացվում է որպես Տեր Հիսուս Քրիստոսի սահմանած օրենք։ Աստծու կամքն է, որ քո շրջապատում լինեն մարդիկ, որոնց հետ այնքա՜ն մտերիմ կլինես, որ նրանք իրավունք կունենան քեզ տալու քո ծածուկ կյանքի վերաբերյալ հարցեր։
Իրականում, հե՛նց դու պետք է ստեղծես «հաշվետու լինելու» միջավայրը քո կյանքում։ Դա կարող է լինել վստահելի հոգևոր ընկերոջ կամ ընկերների հետ կամ կարող է լինել հոգևոր առաջնորդի մոտ խոստովանության ընթացք անցնելուց հետո՝ նրան խնդրելով, որ պարբերաբար հարցնի քեզ քո սրբության և քո կյանքի որոշակի հատուկ ոլորտների մեջ քո հոգևոր սկզբունքների պահպանման վերաբերյալ։ Դու պետք է հաշվետու լինես ո՛չ միայն Աստծուն, այլև վստահելի մարդկանց։
Դու պետք է ունենաս քո կյանքում գոնե մեկին, ով պարբերաբար կհարցնի քեզ սրբության կյանքի քո ընթացքի մասին։ Միայնակ մնալը թշնամուն լավագույն հնարավորությունն է տալիս քեզ կրկին իր գայթակղության ծուղակի մեջ բռնելու համար։ Իսկ հավատարիմ ընկերոջ ներկայությունը քո հոգևոր կյանքում սահմանափակում է մեր թշնամու գործելակերպը և թուլացնում նրա զենքերի ազդեցությունը։