Ազատվի՛ր մեղավորության զգացումից
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Երբ մեր մեղքերը բերում ենք լույսի մեջ՝ խոստովանելով դրանք Աստծուն և որոշում կայացնելով դրանք հեռացնել մեր կյանքից․․․, երբ մենք փախչում ենք գայթակղության միջավայրից և հեռացնում մեր կյանքից ոչ միայն մեղքը, այլ դեպի մեղքը տանող մարդկանց ու իրավիճակները․․․, երբ ապաշխարության ու սրբության կյանք ապրելու որոշման արդյունքում ընդունում ենք Տեր Աստծու ներումը, ապա մեր կյանքում տեղ չպիտի մնա ինքնադատապարտության ու մեղավորության որևէ զգացումի։
Սիրելի՛ Ընկեր, ազատվի՛ր մեղավորության զգացումից։ Սատանան սիրում է մեղքից հետո մարդուն պահել մեղավորության զգացումի ճնշման և ամոթի կապանքների մեջ, որպեսզի ապաշխարած մարդը չմոտենա Աստծուն։ Բայց Քրիստոսի արյունն արդեն վճարել է այդ մեղքի համար։ Ապաշխարելուց և մեղքը մեր կյանքից հեռացնելուց հետո մենք ո՛չ թե պետք է ականջ դնենք չարի ուղարկած մտքերին, այլ վստահենք Աստծուն ու Նրա Խոսքի փոխանցած ճշմարտություններին։
«Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որ Քրիստոս Հիսուսի մեջ են...»։ (Հռոմեացիներին 8:1)
Հավատա՛ Աստծու ներմանը։ Երբ մեղավորության զգացումի և մեղքի հիշողությունների մտքերը գան, հիշի՛ր Գողգոթայի խաչը և շնորհակալություն հայտնիր Տիրոջը Նրա շնորհած ազատության համար։ Մեղավոր մարդկանց փոխակերպման բազմաթիվ նկարագրություններ կան Աստվածաշնչի մեջ։ Ամենամեծ մեղավորները ներման արդյունքում դառնում են ամենամեծ ու նվիրյալ ծառայողները։ Ավելին՝ Տերը սովորեցնում էր, որ այն մարդը, որին շատ է ներվում, ավելի շատ է սիրում Աստծուն ու Նրա գործը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թույլ չտա՛ս, որ չարը իր ուղարկած մոլորեցնող մտքերով քեզ պահի քո մութ անցյալի խավար կապանքների մեջ։ Տերը ջնջել է քո անցյալը․․․
«․․․որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Եբրայեցիներին 8:12)։
Նա չի ջնջել այն քո մտքից, բայց ջնջել է Իր հիշողությունից։ Եվ երբ մենք արդեն ապաշխարած ու վերստին ծնված վիճակում հիշում ենք մեր անցյալի մեղքերը, պետք է նաև հիշեցնե՛նք ինքներս մեզ, որ այդ մեղքերը գործած անձն այլևս կենդանի չէ։ Տեր Հիսուս Քրիստոսի գործի և ուսուցումների հանդեպ քո հավատքի շնորհիվ դու մահացել ես այս աշխարհի սկզբունքների համար և վերստին ծնունդ վերապրելու շնորհիվ ապրում ես Քրիստոսի ու Նրա գործը այս երկրի վրա գործելու համար։
«Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ Նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած Իրենից վախեցողների հանդեպ» (Սաղմոս 103:12-13)։
Հավատա՛ Աստծու Խոսքին։ Չհավատա՛ս չարի ուղարկած մտքերին։ Թույլ չտա՛ս, որ ներումն ընդունելուց հետո մեղավորության զգացումը ճնշի քեզ։ Աստված ջնջել է քո կյանքից ամենը, ինչը քեզ կապում էր խավարի հետ։ Նա քեզ սրբել է, մաքրել Իր Որդու արյունով ու, որպես անբիծ ու պատվական անոթ, որդեգրել Իր սուրբ ընտանիքի մեջ․․․