Հոգով քայլելու զորավոր հմտությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Մեղքի դեմ պայքարի մեջ և դրանից վերջնականապես ազատվելու հարցում շատ կարևոր է հետևել Աստվածաշնչի ցուցումներին։ Իսկ Աստվածաշունչը մեղքից ազատվելու հարցում սովորեցնում է Հոգով առաջնորդվելու կարևորությունը։
«Բայց ասում եմ. Հոգո՛վ ընթացեք, և մարմնի ցանկությունը չեք կատարի»։ (Գաղատացիս 5․16)։
Սիրելի՛ Ընկեր, Աստծու անսխալական Խոսքը սովորեցնում է մեզ, թե ինչպես կարող ենք պայքարել մեղք գործելու ցանկության դեմ։ Իսկ ի՞նչ է գործնականում նշանակում և ինչ է իրենից ներկայացնում Հոգով ընթանալը կամ Հոգով քայլելը։
Հռոմեացիս 8.5-8 հատվածում հստակ գրված է, որ խոսքը մտքի և որոշումների մասին է։ Մարմնավոր մարդիկ մարմնի ցանկությունների մասին են մտածում և որոշումներ կայացնելու հարցում հիմնվում են իրենց ցանկությունների վրա։ Իսկ Հոգով առաջնորդվող մարդիկ հոգևոր են նաև իրենց մտածելակերպի մեջ և որոշումներ կայացնելիս կարևորում են Աստծու Սուրբ Հոգու մղումներն ու կարծիքը տվյալ որոշման վերաբերյալ։
Ավելին՝ այդ նույն հատվածում գրված է, որ մարմնավոր մտածելակերպը մարդուն դեպի մահ է առաջնորդում, իսկ Հոգու մղումներով խորհելը՝ դեպի կյանք և խաղաղություն։ Եվ մարմնի ցանկություններով ընթացող մարդիկ իրենք իրենց Աստծուն թշնամի են դարձնում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեղքից ազատվելը միայն ինչ-որ բան «չանելու» մեջ չէ, այլև՝ քո կյանքը ճիշտ սկզբունքներով և քրիստոնեական հոգևոր արժեհամակարգով հագեցնելու մեջ։ Երբ քո հոգին լցված է Աստծով և Սուրբ Հոգու ուղղորդմամբ, մարմնավոր ցանկությունները կորցնում են իրենց գրավչությունը, և դու ունակ ես դառնում Ո՛Չ ասելու ցանկացած գայթակղության։
«Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի Քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ Քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չմեղանչեմ Քո դեմ»։ (Սաղմոս 119․9-11)։
Հոգով ընթացի՛ր և մարմնի ցանկությունը չես կատարի։ Հոգով առաջնորդվել սովորելու համար ամեն օր ժամանակ տրամադրիր Աստվածաշունչ կարդալուն և աղոթքով երկրպագությանը, որպեսզի չլցվես աշխարհի ցանկություններով և մեղքի խաբեությամբ, այլ զորանաս Աստծով ու Նրա Խոսքի լիությամբ այնքան, որ քո սրտում ո՛չ մի տեղ չմնա Աստծու կամքին հակառակ և դեպի խավար քաշող մեղքերի ու գայթակղությունների համար։ Հոգով ընթացի՛ր և մարմնի ցանկությունը չես կատարի։