Փախի՛ր գայթակղության միջավայրից
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Մեղքեր կան, որոնցից ազատվելու համար բավարար չէ դրանք խոստովանությամբ ու ապաշխարությամբ լույսի մեջ բերելը։ Անշուշտ, մարդն այդ պահին իր անկեղծ զղջման, խոստովանության ու ապաշխարության արդյունքում ստանում է ներում և մաքրվում մեղքի անիրավության կեղտոտ բծերից։ Սակայն մնալով մեղքի գայթակղության նույն միջավայրի մեջ և չլինելով հոգևորապես բավականաչափ ամուր՝ իր մեղքերը լույսի մեջ բերած մարդը կարող է կրկին բռնվել գայթակղության կապանքի մեջ, որը նրան կքաշի դեպի նախկին խավար գործերը։
Սիրելի՛ Ընկեր, երբեմն մեղքին հաղթելու և դրա կործանարար կապանքներից ազատվելու լավագույն ձևը ոչ թե արյուն թափելու չափ դեմ առ դեմ կռվելն է, ինչպես կարդում ենք Եբրայեցիս 12.4 խոսքում, այլ գայթակղության միջավայրից փախչելը։ Երբ նոր ես ազատվել ու մաքրվել մեղքի անիրավությունից, մի՛ մնա այդ նույն մեղքի գայթակղության միջավայրում և մի փորձիր քո կամքի ուժը՝ աչքիդ առջև պահելով մեղք գործելու հնարավորությունը կամ քեզ մեղքին տանող միջավայրը։
«Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո և խաղաղության...» (Բ Տիմոթեոս 2.22):
Աստվածաշունչը հորդորում է փախչել երիտասարդական ցանկություններից։ Հովսեփի օրինակը Ծննդոց 39․12 ասվածի լավագույն օրինակն է։ Նա ֆիզիկապես փախավ մեղքից, թեև դա հետագայում ծանր հետևանքներ ունեցավ նրա կյանքում։ Սակայն մեղքից փախչելը հենց ա՛յն ճանապարհն էր, որը նրան պահում էր Տեր Աստծու բարի կամքի մեջ և Նրա ծրագրերի սահմաններում։ Մեղքից փախչելը, ինչպիսի հետևանքներ էլ այն ունենա մեր կյանքում, հեռացնում է մեզ անեծքից, մահից ու Տեր Աստծու բարկության պատժից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու աղոթում ես, որպեսզի ազատվես մեղքի գայթակղությունից, սակայն չես ջնջում կամ արգելափակում քո հեռախոսի որոշ համարներ, ապա կարող եմ ասել, որ անկեղծ չես մեղքի գայթակղությունից ազատվելու քո որոշման մեջ։
Եթե աղոթում ես, որ ազատվես մեղքից ու այլևս չընկնես անիրավության այն ճահճի մեջ, որը սովորաբար ընկերներիդ հետ միասին ես ընկնում, և ամեն ջանք չես անում, որ փախչես այդ չար ընկերակցությունից, ապա պետք է ինքդ քեզ հարց տաս, թե ի՞նչն է քեզ համար ավելի թանկ՝ քո ընկերական մեղավոր շրջապա՞տը, թե՞ Տեր Աստծու առաջ մաքուր ու սուրբ կյանք ապրելու հեռանկարը։ Աստվածաշունչը հստակ է այս հարցում՝ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։
Եթե աղոթում ես, որպեսզի ազատվես մեղքի գայթակղությունից, սակայն չես ջնջում այն հավելվածները, չես խուսափում այն վայրերից կամ մարդկանցից, որոնք քեզ դրդում են ծածուկ մեղքի, ապա ժամանակի ընթացքում քեզ մոտ գալու է մեղքի դեմ պայքարելու հոգնածությունը, հարատև պարտությունների հիասթափությունը և, ինչն ամենաահավորն է, անգամ ապաշխարելու ցանկությունը կորցնելը։
Փախի՛ր գայթակղության միջավայրից և ո՛չ մի բան ու ո՛չ մեկին ավելի բարձր մի՛ դիր, քան քո սրբությունն ու մեղքերի ներման ազատության վայելքը։ Աստված ուզում է քեզ ազատել քո կյանքի ծածուկ մեղքերից։ Իսկ դու պատրա՞ստ ես փախչելու գայթակղության ցանկացած միաջավայրից․․․