Խավարի զորությունը կործանվում է լույսի մեջ
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Աստվածաշունչը խոսում է խավարի իշխանության իրական լինելու մասին և զգուշացնում դրա հիմնական կապանքի՝ ստության, խաբեության ու մեղքի մոլորեցնող ու ստրկացնող ազդեցությունների մասին։
Սիրելի՛ Ընկեր, հոգևոր իմաստով խավարը մարդու խաբված ու մոլորյալ վիճակն է, ինչպես նաև մեղքի իշխանության տիրույթը։ Իսկ լույսը ներկայացնում է ճշմարտությունը ճանաչած մարդուն և նկարագրում է Տեր Աստծու շնորհիվ մեղքի կապանքներից ազատագրման տիրույթը։
«Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել» (Հովհաննես 3․19-21):
Խավարի զորությունը մեղքի ձգողականությունն է։ Մեղքն իր մեջ մեծ զորություն ունի մարմնավոր մարդկանց դեպի իրեն քաշելու համար։ Մեղքն ասես սնվում է խավարից։ Հիշենք, որ խավարը ճշմարտությունը չիմանալն է կամ ճշմարտությանը գիտակցաբար կամ անգիտակացաբար հակառակ գնալը։ Խավարը զորություն է փոխանցում մեղքին։ Մեղքը ստրկացնում է մարդուն և պահում իր կապանքների մեջ։ Եվ այս ամենի վերջը Աստծու պատիժն է մարդու կյանքում՝ կործանված կյանքը, մահը և հավիտենական տանջանքը կրակի լճի մեջ։
Իսկ ո՞րն է ելքը։ Խավարի զորությունը կործանվում է լույսի մեջ։ Ելքը և փրկության ճանապարհը Տեր Հիսուսն է։ Միայն և միմիայն Նրա միջոցով է հնարավոր ազատվել մեղքի կապանքներից, կործանել խավարի իշխանության կապանքները և տեղափոխվել լույսի տիրույթ, որտեղ կյանքն է և ազատությունը․․․, որտեղ Աստծու օրհնությունն է և հավիտենական կյանքի պարգևը։
Եթե մեղքն իր մեջ մեծ զորություն ունի մարմնավոր մարդկանց դեպի իրեն քաշելու համար, ապա հոգևոր մարդկանց պարագայում դրա զորությունը անհետանում է, քանի որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդկանց պարագայում գործում է ո՛չ թե մեղքի ու մահվան օրենքը, այլ կյանքի և Հոգու օրենքը։
«Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կյանքի Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով Իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն» (Հռոմեացիս 8․1-6):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ծածուկ մեղքն ունի ուժ միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն գաղտնի է։ Լույսի ներքո այն կորցնում է իր իշխանությունը։ Դու հոգևորապես հիվանդ ես ու խաբված այնքանով, որքանով կարիք ունես թաքցնելու քո կյանքի մեղքի գաղտնիքները։
Այսօր իմ խորհուրդն է քեզ, որ փոխես քո հոգևոր կարգավիճակը և խավարից անցում կատարես դեպի լույսը՝ հոգնեցնող ու մեղքի ստրկության կյանքից դեպի Քրիստոսով կենսուրախ կյանքը և ազատության վայելքի կյանքը։ Գտի՛ր հոգևորապես հասուն ու վստահելի մեկին (ցանկալի է, որ այդ մարդը լինի հե՛նց քո հոգևոր առաջնորդը) և կիսվիր մեղքի դեմ քո պայքարի դժվարություններով։ Բացահայտի՛ր գաղտնիքը և սովորի՛ր քայլել լույսի մեջ։