Մեղքը ծնվում է նախ քո մտքի մեջ
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք մարդու կյանքում մեղքի կործանարար հետևանքներին և ծածուկ մեղքերը խոստովանությամբ լույսի մեջ բերելու բժշկարար ազդեցությանը։ Այս ուղերձի մեջ ուզում եմ միասին խորհենք աստվածաշնչյան այն ճշմարտության մասին, թե ինչպե՛ս է ծնվում մեղքը և ինչպե՛ս կարող ենք այն արմատախիլ անել մեր կյանքից։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ ուսուցանում է, որ մեղքը ծնվում է ցանկությունից։ Իսկ ցանկությունը մի բան է, որ առաջանում է մարդու մտքի մեջ։ Մեղքը ծնվում է նախ մարդու մտքում և երևակայության մեջ։ Եվ մեղքի դեմ իրական ու տևական հաղթանակը նույնպես սկիզբ է առնում մտքի դաշտում։
«Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ» (Հակոբոս 1․14-15):
Մեր սեփական երևակայությունը կամ չարի ուղարկած մտքերը կարող են հրապուրել ու խաբել մեզ։ Աստվածաշունչն ասում է, որ դրանք նախ ստության մտքեր են, որոնք սխալ ցանկություններ են մեր մեջ առաջացնում։ Այդ մտքերի ծնած ցանկությունը հակառակ է լինում Աստծու Խոսքին ու Նրա կամքին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հե՛նց այստեղ է, որ մեր որոշումից է կախված՝ այդ մեղավոր ցանկությունը կընկնի՞ մեր սրտի մեջ, կհղանա ու կհասունանա՞, թե՞ Քրիստոսով նորոգված մեր միտքը դեմ կկանգնի այդ մեղսալի ցանկությանն ու կսպանի մեղքը իր սաղմնային վիճակում։
Պողոս առաքյալը մեր կյանքում մահ ու ապականություն ծնող մեղքի դեմ այդ պայքարը ներկայացնում է որպես հոգևոր պատերազմ։ Երբ գալիս է միտքը, մենք նախ պետք է հարց տանք ինքներս մեզ, թե արդյոք այդ միտքը համապատասխա՞ն է Քրիստոսի ուսուցումներին՝ Նրա փոխանցած սկզբունքներին ու ճշմարտություններին։ Եթե այո, ապա ընդունում ենք այդ միտքը և դրա բերած օրհնությունը։ Իսկ եթե ոչ, ապա մեր հոգևոր զենքերի կիրառությամբ գերի ենք բռնում այն ու հնազանդեցնում Քրիստոսին։ Այլ կերպ ասած՝ մենք ենք իշխում այդ մտքի վրա, այլ ոչ թե թույլ ենք տալիս, որ այն իշխի մեր կամքի ու որոշումների վրա։
«Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի» (Բ Կորնթացիս 10․3-6):
Մեղքը ծնվում է նախ մարդու մտքում։ Մեղքից ազատագրումը նույնպես սկսվում է նախ մարդու մտքում։ Մեր մտքում է, որ մենք քննում ենք տվյալ որոշման կամ վարքագծի համապատասխանությունը Տեր Աստծու կամքին։ Անշուշտ, մենք կկարողանանք քննել ու զանազանել մեղք ծնող մտքերը միայն Աստծու Խոսքին ծանոթ լինելու պարագայում։ Դրա համար մեզ մտքի նորոգություն է անհրաժեշտ, որպեսզի այլևս չմտածենք այս աշխարհի սկզբունքներով, այլ քննենք ու զանազանենք Աստծու կամքը։
«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․2):
Նորոգված միտքը երբե՛ք չի վերցնում մեղավոր ցանկությունը և իր երևակայության մեջ չի «խաղում» դրա հետ։ Մարդը սնուցում ու հասունացնում է մեղքը, երբ մեղքի ցանկությունը իր երևակայության մեջ ֆիլմ է դարձնում ու չի պայքարում դրանից ազատվելու համար։ Նորոգված միտքը մեղավոր ցանկության մտքերը անմիջապես գերի է բռնում ու դրանց փոխարեն սկսում մտածել Աստծու Խոսքի ճշմարտությունների, Տիրոջ ներկայության սրբության և աստվածավախության մասին։
Երբ գալիս է սխալ միտքը, անմիջապես փոխարինի՛ր այն Աստծու Խոսքի ճշմարտություններով կամ Սուրբ Հոգով զորացած Նրա շնորհի ու օգնության խնդրանքի աղոթքով։ Սովորի՛ր կիրառել Տեր Հիսուսի փոխանցած հոգևոր զենքերը և կազատվես քո կյանքում արմատացած բոլոր ծածուկ մեղքերից ու դրանց մահաբեր հետևանքներից։