Աստված տեսնում է այն, ինչը թաքուն է մարդկանցից
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Այս աշխարհում մարդիկ սովորել են զգուշանալ վտանգներից։ Մեր շրջապատում կան վտանգավոր նյութեր և վտանգավոր վայրեր։ Մարդիկ ամեն բան անում են, որպեսզի հեռու մնան այդ վայրերից, իսկ վտանգավոր նյութերի հետ շփման ժամանակ ամենայն զգուշությամբ ու մանրակրկիտ կերպով պահեն դրանց հետ առնչություն ունենալու անվտանգության կանոնները։ Մարդիկ անգամ փոխում են իրենց աշխատավայրն ու բնակության վայրը, որպեսզի խուսափեն վտանգ ներկայացնող միջավայրում լինելուց։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մարդու կյանքի ողջ ընթացքը կախված է նրա հոգևոր վիճակից։
«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 2):
Իսկ ե՞րբ է մեր հոգին հաջողության մեջ և ե՞րբ է այն անհաջողության մեջ։ Ամբողջ հարցը մեղքի և Աստծու կամքի հանդեպ մարդու վերաբերմունքի մեջ է։
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 1․1-3):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամենավտանգավոր բանը ցանկացած մարդու կյանքում Աստծու կամքին հակառակ գնալն է՝ լինի դա որոշումներ, վարքագծի, խոսելակերպի, նախասիրությունների կամ ցանկացած մեկ այլ առումով։ Երբ մարդը իրեն հարմար և իրեն հաճելի վիճակ կամ ընթացք ունենալու համար հակառակվում է Աստծու կամքին, նա կամովի մուտք է գործում մեղքի ու մահվան տիրույթ և վտանգում է թե՛ սեփական առողջությունը, թե՛ գործերի հաջողությունը և թե՛ իր հոգևոր ընթացքն ու պաշտպանվածությունը։
Իսկ ո՞րն է ելքը։ Ինչպե՞ս կարող է մարդը շտկել իր հոգևոր ընթացքը և վայելել Տեր Աստծու օրհնությունները, բժշկությունն ու գործերի հաջողությունը։ Ելքը խոստովանությունն է և ապաշխարությունը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված տեսնում է այն, ինչը թաքուն է մարդկանցից։ Աստված տեսնում է ծածուկ հարաբերությունները։ Աստված տեսնում է ծածուկ մեղքերը։ Աստված տեսնում է ծածուկ խարդախությունները։ Նա տեսնում է անգամ ծածուկ նախանձն ու ատելությունը։ Նա ամեն բան տեսնում է և ամեն բան գիտի։
«Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի» (Առակաց 28․13):
Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից։ Առաջին քայլը սեփական անձի հետ ազնիվ լինելն է։ Ծածուկ մեղքը սնվում է խավարից։ Այն ինչ թաքուն է ու ծածուկ․․․, ինչը մարդն ամեն գնով փորձում է թաքցնել և շարունակել ծածուկում մեղքի մահաբեր ընթացքը, խավար է։ Մեղքը սնվում է խավարից։ Այն ամրացնում է իր կապանքները և շղթայում ու ստրկացնում մարդուն։ Իսկ լույսի մեջ բերելը՝ Տեր Աստծուն ամեն ինչ խոստովանելը և մեղքից հեռանալու որոշում կայացնելը ապաշխարություն և ներում է բերում մարդու կյանք։ Քրիստոսի արյունն է սրբում նման մարդուն ամեն մեղքից ու անիրավությունից։
«Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․7-9):
Առաջարկում եմ աղոթքով գնալ Տեր Աստծու առջև ու մեկ առ մեկ խոստովանել այն, ինչը հակառակ է Աստծու կամքին և ինչը ամեն գնով թաքցնում ես մարդկանցից։ Նա սպասում է քո խոստովանությանը և փափագում է մաքրել քեզ ամեն մեղքից ու դրա մահաբեր հետևանքներից։ Աստված փափագում է բժշկել քո հոգին և օրհնել քո կյանքը։ Դո՛ւրս բեր քո կյանքը խավարի ճահճից և տար այն Լույսի բժշկարար ներկայության մեջ։