• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 հնս 2026 թ.

Աստված ուզում է վերականգնել քո հարաբերությունները

Հրապարակման ամսաթիվ 3 հնս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Մարդկության պատմության առաջին իսկ ողբերգությունը սկսվեց հարաբերությունների խաթարմամբ. նախ՝ Ադամի և Աստծո միջև, ապա՝ Ադամի և Եվայի (փոխադարձ մեղադրանքներ), և ի վերջո՝ Կայենի և Աբելի միջև (նախանձ ու եղբայրասպանություն)։

Սիրելի՛ Ընկեր, երբ հարաբերությունները վնասվում են, մեր սրտերում բնակություն են հաստատում պատնեշները, անվստահությունը, դառնությունն ու մեկուսացումը։ Սակայն Աստծու մեծագույն նպատակն է քանդել այդ պատնեշները և կառուցել հաշտության կամուրջներ։ Նա ցանկանում է, որ մենք ապրենք խաղաղության և ներդաշնակության մեջ։ 

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5․9):

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հարաբերությունների վերականգնումը ոչ թե առաջարկ է, այլ քրիստոնեական կարևորագույն պատվիրան։ Ստորև բերված հատվածում տեսնում ենք, որ Տեր Հիսուսի համար մարդկային հարաբերությունների բժշկությունն ու վերականգնումը շատ ավելի առաջնահերթ էին, քան կրոնական ծեսերն ու արարողությունները բծախնդրորեն կատարելը։ Ավելին՝ Տերը սովորեցնում էր, որ ո՛չ մի կրոնական ծես ու արարողություն ընդունելի չէ Աստծուն, եթե դու քո սրտում դառնության ու չներելու արմատներ ունես քո հարազատի կամ քո մտերիմի հանդեպ։ 

«Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր» (Մատթեոս 5․23-24):

Անշուշտ, երբեմն միայն մեր հաշտվելու ցանկությունը բավարար չի լինում։ Մենք կարող ենք խաղաղարար դառնալ ու զղջալ մեր կամ դիմացինի սխալի պատճառով խաթարված հարաբերության համար։ Սակայն հարաբերությունների վերականգնումը երկու կողմերի միջև հաշտության արդյունքն է, այլ ոչ թե մեկի՝ դեպի հաշտություն տանող քայլերի պտուղը։ Սակայն, այնուամենայնիվ, Աստված մեզնից մե՛ր բաժինն է պահանջում։ 

«Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հարաբերությունների բժշկությունն ու վերականգնումը պահանջում են խոնարհություն և Տեր Հիսուսի ուսուցանած աստվածային սկզբունքների կիրառում։ Իհարկե, մարդկային հպարտությունն ասում է. «Թող ինքը գա ու ներողություն խնդրի․․․, չէ՞ որ ինքն է մեղավոր»։ Քրիստոսի աստվածային սերը հուշում է. «Գնա՛ առաջինը և հաշտության քայլ արա, նույնիսկ եթե դու ճիշտ ես եղել ու նա՝ սխալ»։

Տեր Աստված մեր լավագույն օրինակն է ներման ու հարաբերությունների վերականգնման հարցում։ Մե՛նք էինք մեղավոր, մե՛նք էինք հեռացել Աստծուց, մե՛նք էինք մեղքի ճահճի մեջ կործանվում, բայց Աստված առաջինը քայլ արեց՝ Իր Որդուն ուղարկելով, որպեսզի Նա մեր մեղքերի համար պատժվի ու Աստծու հետ հաշտության հնարավորություն ընձեռի մեզ։ 

«Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8):

Աստծո Արքայությունը հարաբերությունների մասին է։ Տերը կարևորում է մարդկանց միջև ներդաշնակ, սիրո ու ներման հարաբերությունների առկայությունը։ Եվ Նա Իրեն խնդրողին տալիս է ներելու և նաև ներողություն խնդրելու շնորհ։ Մյուս կողմից, սխալները, հպարտությունը կամ դավաճանությունը քանդում են ընտանիքներ, ընկերություններ ու հոգևոր հարաբերություններ։ 

Այո, դժվար է վերականգնել նախկին վստահությունը։ Երբեմն՝ նույնիսկ անհնարին։ Սակայն հաշտությունը ավելի շատ հարաբերությունների բժշկության մասին է, իսկ վստահության վերականգնումը Աստծու շնորհով կարող է տեղի ունենալ նաև հետագայում։ Վերականգնումը չի նշանակում վերադարձ անցյալին, այն նշանակում է նոր սկիզբ, բայց այս անգամ՝ Տեր Աստծու հետ և Նրա սահմանած սկզբունքներով:

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․30-32):

«Աստված ուզում է վերականգնել քո խաթարված հարաբերությունները» անվանումը կրող ուսուցումը կարող եք ունկնդրել այս հղումով՝https://youtube.com/live/8udo0_pdFks?feature=share

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես