Աստված ուզում է վերականգնել քո առողջությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Առողջական խնդիրների, քրոնիկ ցավերի կամ ծանր ախտորոշման հետ բախվելիս մարդիկ հաճախ ընկնում են հուսահատության մեջ կամ սկսում են կասկածել Աստծու սիրուն՝ մտածելով, թե արդյոք Աստված ուզո՞ւմ է, որ իրենք առողջ լինեն։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչի պատգամը միանշանակ է. Աստծու բնույթը կյանք, կենդանություն և վերականգնում պարգևելն է։ Հիվանդությունը երբեք չի եղել Տեր Աստծու սկզբնական ծրագիրը մարդու համար. այն աշխարհ է մտել մարդկության անկման և մեղքի մուտք գործելու հետևանքով։ Մեղքը իր մեջ մահ է պարունակում։ Այն ապականել է ինչպես մեզ շրջապատող աշխարհն ու մարդկանց, այնպես էլ ազդեցություն ունի մեր ֆիզիկական մարմինների ու մեր հոգեվիճակի վրա։ Սակայն Աստված միշտ ունեցել է և այժմ էլ ունի բժշկության և ազատագրման զորություն։
«Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները. Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ, Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմոս 103․2-5):
Յուրաքանչյուր մարդ կարող է Աստծուց բժշկություն ստանալ, և այդ բժշկության հիմքը նույն մեր փրկության հիմքն է։ Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուսը կրել է մեր մեղքերի պատիժը՝ բոլոր Իրեն հավատացողներին հավիտենական կյանքի պարգևը շնորհելով։ Նա Իր վրա է վերցրել մեր անօրեն ու մեղսալի կյանքի պատիժը։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Նա ո՛չ միայն մեր փրկության համար է տառապանք կրել և չարչարանքներով անցել, այլև Նրա կրած վերքերը մեր բժշկության համար են եղել։
«Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում»։ Նախատվելիս Նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2․22-24):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք պաշտում ենք ամենակարող Աստծուն՝ տիեզերքի Արարչին, Ում հնարավորություններն անսահմանափակ են։ Սա վերաբերում է թե՛ ֆիզիկական մարմնին, թե՛ զգացմունքային և թե՛ հոգևոր առողջությանը (դեպրեսիա, տագնապներ և այլն)։
Ավելին՝ եթե դու Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ հավատքի շնորհիվ ընդունել ես քո մեղքերի ներումը, որդեգրվել ես Տեր Աստծու հավատքի ընտանիքին և որոշում ես կայացրել կյանքդ ապրել ո՛չ թե քո պատկերացումներով կամ աշխարհի սկզբունքներով, այլ Տեր Հիսուս Քրիստոսի փոխանցած սկզբունքներով ու արժեհամակարգով, ապա Աստվածաշունչը պնդում է, որ քո մարմինը Աստծու Սուրբ Հոգու տաճարն է՝ Նրա բնակության վայրը։ Եվ եթե մեր մարմինը Նրա տաճարն է, ապա Աստված, բնականաբար, կամենում է, որ մենք կենսունակ ու առողջ լինենք և արդյունավետ կերպով ծառայենք մարդկանց հանուն Աստծու Արքայության առաջընթացի և կորածին փնտրելու և փրկելու Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության իրագործման։
Եթե այսօր քեզ մտահոգում է քո կամ քեզ հարազատ ու սիրելի մեկի առողջությունը, ապա ուզում եմ, որ քաջալերվես և տրտմության փոխարեն աչքերդ ուղղես դեպի բժշկության Աղբյուրը՝ դեպի մեզ սիրող ու մեզ համար Իր ամենաթանկը զոհած Աստծուն։ Աստվածաշունչը հորդորում է հավատացյալներին մտահոգվելու փոխարեն աղոթքով, աղաչանքով ու գոհությամբ․․․, այո՛, գոհությամբ մեր խնդրանքներն ուղղել Աստծուն։
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):
Նա բժշկող Տեր է։ Նրա վերքերով մենք բժշկություն ունենք։ Վստահի՛ր Աստծուն։ Նա ուզում է վերականգնել քո առողջությունը․․․