• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 հնս 2026 թ.

Աստված ուզում է վերականգնել քո կոտրված սիրտը

Հրապարակման ամսաթիվ 1 հնս 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Իրականում այս թեման Գյումրու Էմմանուել եկեղեցում մեր անցկացրած սեմինարի թեման է, որի դասերով ուզում եմ կիսվել նաև «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների մեր ունկնդիրների հետ։ Այո՛, Աստված ուզում է վերականգնել քեզ։ Մեր այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք մարդու սրտի կոտրվածության թեմային։ 

Սիրելի՛ Ընկեր,  Աստված ուզում է վերականգնել քո կոտրված սիրտը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ սրտեր են կոտրվում։ Դա կարող է լինել դավաճանության, կորստի, հուսախաբության, մերժված լինելու, անցյալի սխալների պատճառով կամ մեկ այլ պատճառով։ Կոտրված սիրտը միայն զգացմունքային ցավ չէ. այն կարող է կաթվածահար անել մարդու հավատքը, երազանքներն ու ապագան։

Սակայն քրիստոնեական պատգամի գեղեցկությունն այն է, որ Աստված երես չի թեքում մեր կոտրվածությունից. Նա միակ Վարպետն է այս տիեզերքում, որ մասնագիտացած է հե՛նց կոտրված սրտերը վերականգնելու հարցում։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ունի տառապող սրտերին. Նա հատկապես մոտ է նրանց, ովքեր ներսից կոտրված են։

«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34.18):

Մեր աշխարհում կոտրված ու փշրված սիրտ ունեցող մարդիկ հակում ունեն մեկուսանալու։ Նրանք հաճախ են դառնում ինքնամփոփ, ճնշված ու մյուսների կողմից լքված։ Աստված, սակայն, հենց այսպիսի մարդկանց ավելի է մոտենում, որպեսզի օգնության ձեռք մեկնի նրանց կոտրվածության մեջ և բուժի նրանց սրտի վերքերը։ 

«Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, արդյոք լսե՞լ ես ճապոնական «Կինցուգի» արվեստի մասին։ Եթե անգամ չես էլ լսել, ապա հավանաբար տեսած կլինես։ Այդ արվեստի գործերը բավականին թանկարժեք սպասք և ամաններ են, որոնք նախապես կոտրվում են, իսկ հետո ոսկու և հատուկ խեժի խառնուրդով իրար ամրացվում կոտրված կտորները։ Կոտրված բաժակը «Կինցուգի» արվեստի ոճով վերականգնվելուց հետո շատ ավելի արժեքավոր է դառնում հե՛նց ոսկու շնորհիվ, որով պատվում են ճաքերի տեղերը։ 

Աստված նույնն է անում մեր սրտերի հետ։ Եթե մենք աղոթքով Նրան ենք հանձնում մեր հոգսերն ու կոտրվածությունը․․․, եթե թույլ ենք տալիս, որ Նրա շնորհի բժշկարար ոսկին ամրացնի ու նորոգի մեր սրտի փշրված բեկորները, ապա Հմուտ Վարպետի ձեռքերի մեջ մեր նորոգված սրտերը ավելի գեղեցիկ ու արժեքավոր են դառնում։ Աստված չի ծածկում այն խնդիրները, որոնք մեր կոտրվածության պատճառներն էին, այլ բժշկում է մեր սիրտը և դրանք դարձնում մյուսների համար վկայություններ։ Նա վերցնում է մեր սրտի փշուրները և ստեղծում մի նոր, ավելի զորեղ սիրտ։

Եթե այսօր քո սիրտը կոտրված է, հիշի՛ր՝ Աստված չի ավարտել քո պատմությունը։ Կոտրվածությունը վերջակետ չէ, այն ընդամենը ստորակետ է, որից հետո Աստված սկսելու է գրել Իր հրաշքը։ Նա կարո՛ղ է վերականգնել քեզ, եթե անգամ ինքդ չես հավատում, որ մարդկանց կողմից քեզ հասցված վերքերը երբևէ կբժշկվեն։ 

Վստահի՛ր Աստծուն։ Հանձնվի՛ր Նրա բժշկարար ձեռքերին։ Նա ո՛չ միայն կամրացնի քեզ և կնորոգի քո սրտի կոտրվածությունը, այլև այն կդարձնի ավելի գեղեցիկ ու թանկարժեք, քան նախկինում էր։ Կոտրվածքի տեղերը կսկսեն փայլել ոսկով և շատերին կհուշեն կոտրված սրտերի ամենահմուտ Բժշկի մոտ գնալու ճանապարհը․․․

«Աստված ուզում է վերականգնել քո կոտրված սիրտը» անվանումը կրող ուսուցումը կարող եք ունկնդրել այս հղումով՝ https://youtube.com/live/0ExRLwBXRxo?feature=share

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես