• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 մյս 2026 թ.

Շահերի բախում և ազդեցության պարպումը

Հրապարակման ամսաթիվ 24 մյս 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահին» անվանումը։ Եվ հատկանշական է, որ այս շարքը ավարտում ենք հե՛նց Հոգեգալստի զորավոր տոնի օրը։ Աստծու Արքայությունը Սուրբ Հոգով է գալիս մարդու կյանքի մեջ։ Իսկ Սուրբ Հոգու բերած զորությունը Քրիստոսի աշակերտներին այնպիսի ուժ, վճռական նվիրում և համարձակություն շնորհեց, որ Հոգով լցվելուց հետո որևէ բան այլևս անկարող էր կանգնեցնելու նրանց ավետարանչությունն ու Քրիստոսի համաշխարհային հանձնարարությունը կյանքի կոչելը։ 

Սիրելի՛ Ընկեր, անշուշտ, ասվածին տեղյակ է նաև մեր հոգիների թշնամին՝ սատանան։ Եվ խորամանկ ու խաբեբա մեր այդ թշնամին ամեն բան անում է, որպեսզի Քրիստոսի աշակերտները նախ չընդունեն Հոգու զորությունը, իսկ եթե արդեն ընդունել են, ապա կորցնեն մարդկանց կյանքերի վրա ունեցած իրենց ազդեցության զորությունը։ 

Այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ հենց ա՛յս թեմային՝ ինչպե՞ս է սատանան փորձում թուլացնել ու չեզոքացնել Քրիստոսի աշակերտների զորությունը, որը պետք է ազդեր մարդկանց կյանքերի վրա, ազատագրեր նրանց խավարի իշխանության ստրկությունից և դարձներ նրանց Քրիստոսի հավատարիմ աշակերտները։ 

Նախ, պետք է բոլորս հստակ հասկանանք, որ այդ զորությունը Աստծուց է՝ միայն և միմիայն Նրա Սուրբ Հոգու միջոցով։ 

«Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8):

Երկրորդ ճշմարտությունը, որ կարևոր է հասկանալ, այն է, որ Տեր Հիսուսը Իր աշակերտների ազդեցությունը համեմատում էր աղի ու լույսի թողած ազդեցության հետ։ 

«Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են» (Մատթեոս 5․13-15):

Եվ երրորդ ճշմարտությունը․ աղը կորցնում է իր ազդեցությունը և լույսը այլևս չի լուսավորում նախկինի նման, երբ Քրիստոսի աշակերտն իր որոշումներով, իր ապրելակերպով, իր կյանքի առաջնահերթություններով և իր խոսելակերպով տրտմեցնում է Աստծու Սուրբ Հոգուն։ Քանի որ մյուսների կյանքի վրա հավատացյալի ազդեցության զորությունը գալիս է Աստծու Սուրբ Հոգուց, այդ զորության կորուստն էլ Սուրբ Հոգուն տրտմեցնելու հետևանք է։ 

«Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․27-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք տրտմեցնում ենք Աստծու Սուրբ Հոգուն, երբ Արքայության շահի ու մեր սեփական շահերի բախման պարագայում ընտրում ենք մեր կամքով առաջ ընթանալը, այլ ոչ թե Աստծու կամքի գերակայությանը հնազանդվելը։ Երբ մեր մեջ բնակվում է Աստծու Սուրբ Հոգին, և մենք չենք հնազանդվում Նրա կամքին, այլ մեր ցանկություններն ու եսակենտրոն որոշումներն ենք առաջ մղում, տեղի է ունենում Նրա տված զորության կորուստ՝ պարպում կամ, ինչպես էլեկտրական հոսանքի պարագայում է պատահում՝ կարճ միացում։ 

Այն զորությունը, որը պետք է մեր լույսը վառ լուսավորեր մարդկանց առաջ, կորսվում է մեղքի ու անհնազանդության բռնկումների արդյունքում։ Տեղի է ունենում հոգևոր զորության պարպում՝ կուտակված էներգիայի կորուստ, որը պետք է զորացներ մեզ գործելու հանուն Քրիստոսի և Սուրբ Հոգու առաջնորդության ներքո։ Սատանան գիտի, թե ինչպես կարող է կտրել մեզ զորության աղբյուրից։ Իսկ մենք գիտե՞նք, թե ինչպես կարելի է սատանային տեղ չտալ մեր կյանքերում և մշտապես ու ամուր միացած մնալ Աստծու Սուրբ Հոգու զորությանն ու իմաստությանը՝ Նրանից ընդունելով այն ամենը, որ անհրաժեշտ է այս երկրային կյանքն Աստծու կամքի համեմատ ապրելու համար։ 

Քրիստոսի աշակերտները իրենց ազդեցության կորուստ են ունենում, երբ Արքայության շահի և սեփական շահի բախման պարագայում ընտրում են սեփականը։ Նրանք կտրվում են զորության Աղբյուրից և դառնում համը կորցրած աղի նման․․․ Իսկ երբ ընտրում են Աստծու Արքայության շահը․․, երբ փափագում են Աստծու Արքայության շահին, նրանց լույսը պայծառ լուսավորում է մարդկանց առջև և ցույց տալիս Քրիստոսով փրկության միակ ճանապարհը։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես