Արքայության արժեհամակարգը հակառակ է աշխարհին
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահին» անվանումը։ Իսկ ինչո՞ւ է կարևոր Աստծու Արքայության շահին փափագելը։ Ամբողջ խնդիրը պատկանելության մեջ է։ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ հոգևոր աշխարհում կա երկու թագավորություն՝ Աստծու Արքայությունը, որտեղ մարդիկ ապրում են իրական ազատության մեջ, և սատանայի խավար իշխանությունը, որտեղ մարդիկ ստրկացված են մեղքին և ապրում են այս աշխարհի սկզբունքներով ու արժեհամակարգով, որը հակառակ է Աստծու Արքայության արժեքներին։
«․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):
Սիրելի՛ Ընկեր, եթե դու պատկանում ես Աստծու Արքայությանը, որտեղ Թագավորը Տեր Հիսուս Քրիստոսն է, ապա պետք է փափագես այս երկրի վրա քո թագավորության շահը առաջ մղելուն։ Եթե դու քո սեփական շահն ես առաջ մղում, որը համահունչ է այս աշխարհի չափանիշներով հաջողված լինելուն, ապա դու չես կարող Աստծու Արքայությունը ներկայացնել, քանի որ այս աշխարհի արժեհամակարգը հակառակ է Աստծու Արքայության արժեհամակարգին։
«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (Ա Հովհաննես 2․15-17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Մատթեոսի ավետարանի 5-7 գլուխներում նկարագրված է Տեր Հիսուսի ամենահայտնի քարոզներից մեկը՝ Լեռան քարոզը։ Այս ծավալուն քարոզի մեջ Տերը ուսուցանում էր Աստծու Արքայության արժեհամակարգը, և այն բացարձակապես տարբեր էր աշխարհի մեջ ընդունված չափանիշներից ու սկզբունքներից։
Հատկանշական է, որ Տերը ուսուցանում էր Աստծու և մարդկանց հանդեպ վերաբերմունքի այնպիսի սկզբունքներ, որոնք հակառակ էին հավաքվածների ընկալումներին։ Սակայն Տեր Հիսուսը ո՛չ միայն շեշտադրում էր Արքայության սկզբունքները սեփական պատկերացումներից վեր դնելու կարևորության մասին, այլև շեշտում, որ դրանք ընդունելն ու դրանցով ապրելն է միայն, որ մարդուն դարձնում է այդ Արքայության մի մասնիկը՝ երկնային Հոր սիրելի զավակը։
«․․․որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ Երկնքում է» (Մատթեոս 5․45):
Արքայության արժեհամակարգը հակառակ է աշխարհին։ Այն սովորեցնում է սիրել, ներել, լինել հեզ ու խոնարհ, նաև Տեր Հիսուսի նմանությամբ ուժեղ և Սուրբ Հոգու զորությամբ ու Նրա իմաստությամբ որոշումներ կայացնող և Աստծու բարեհաճությունը փնտրող լինել։ Աշխարհը ճիշտ հակառակն է քարոզում։
«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․2):
Հոգևոր աշխարհում կա միայն երկու թագավորություն։ Բոլոր մարդիկ կա՛մ մեկի մեջ են, կա՛մ մյուսի։ Աստծու Որդու թագավորության մեջ լինողները պատրաստ են սեփական շահը զոհաբերելու հանուն Աստծու Արքայության շահի։ Խավարի իշխանության մեջ ստրկացած մարդիկ չեն էլ գիտակցում, որ սեփական շահը Աստծու Արքայության շահից վեր դասելը միայն ամրացնում է մեղքի գերությանն ու այս աշխարհի խավար սկզբունքներին իրենց ստրկության շղթաները։
«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են» (Մատթեոս 7․13):