«Թող Քո Արքայությունը գա և Քո կամքը լինի․․․»
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահը» անվանումը։ Աստծու Արքայությունը այնտեղ է, որտեղ հաստատված է Աստծու կամքի լիակատար իշխանությունը։ Երբ Տեր Հիսուսը Իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել, Նրա ուսուցանած առաջնային մտքերից մեկը Աստծու Արքայությունը Աստծու կամքի հաստատման հետ միասին խնդրելն էր։
«Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6․10):
Սիրելի՛ Ընկեր, Աստծու Արքայությունը մարդու կյանքում գալիս է, երբ նրա կյանքում հաստատվում է Տեր Աստծու կամքի լիակատար իշխանությունը։ Տերունական աղոթքի «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի․․․» խոսքերը արտաբերելը մեծ դժվարություն չի ներկայացնում որևէ մարդու համար։ Շատերը անգիր գիտեն «Հայր մեր» աղոթքը և ո՛չ միայն գիտեն, այլև կարող են օրվա մեջ այս աղոթքով անգամ մի քանի անգամ աղոթել։
Սակայն արդյոք մենք հասկանո՞ւմ ենք այս զորավոր աղոթքի խոսքերի իմաստը։ Արդյոք մենք հասկանալով ու գիտակցելո՞վ ենք խնդրում մեր երկնային Հորը, որպեսզի մեզ իմաստություն և ուժ տա, որ հե՛նց մեր կյանքերում ու մեր որոշումների մեջ Աստծու կամքը հաստատվի ճի՛շտ այնպես, ինչպես Նրա կամքը հաստատված է Երկնքում։
Մեկ այլ զորավոր աղոթքի մեջ Տեր Հիսուսը մեզ օրինակ է թողել, որն ուսուցանում է, թե ի՛նչ է նշանակում Քո կամքը լինի արտահայտությունը։
«Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ Ինձանից. սակայն ոչ թե Իմ, այլ Քո կամքը թող լինի» (Ղուկաս 22.42):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամեն անգամ, երբ մենք աղոթում ենք Աստծուն և ասում՝ թող Քո կամքը լինի, մենք ասում ենք՝ ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի։ Այնտեղ, որտեղ Աստծու կամքին հնազանդվելը վեր է սեփական պատկերացումներից, սեփական շահից, անվտանգությունից ու հարմարավետությունից, հե՛նց այնտեղ է Աստծու Արքայությունը։
«Ոչ թե ամեն Ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7․21):
Աստծու Արքայության մեջ հաստատվելը ենթադրում է հնազանդություն անգամ դժվարագույն իրավիճակներում։ Իսկ Երբ Աստծու Արքայությունն է քո մեջ հաստատվում, ապա Սուրբ Հոգին զորացնում է քեզ ամենադժվար որոշումների մեջ քո հույսն Աստծու վրա դնել և Տեր Հիսուսի նմանությամբ, որքան էլ ցավոտ ու դժվարին լինի Տեր Աստծու կամքին հնազանդվելը, ասել ու սրտա՛նց ասել այս խոսքերը․ «ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի․․․»