• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 18 մյս 2026 թ.

Ի՞նչ է Աստծու Արքայությունը

Հրապարակման ամսաթիվ 18 մյս 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահը» անվանումը։ Աստծու Արքայության շահի մասին խոսելը շատ կարևոր է հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի փրկությունն ընդունած լինելու և հոգևոր հասունության վիճակի առումներով։ Չէ՞ որ Քրիստոսով փրկագնված Նրա աշակերտները, հոգևոր հասունությանը զուգահեռ, սկսում են Աստծու Արքայության շահը գերադասել սեփական շահից ու հարմարավետությունից։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը մի շատ կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում մեր կյանքի կարիքների ու խնդիրների լուծման վերաբերյալ։ 

«Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.31-33):

Տեր Հիսուսն այստեղ հստակ սովորեցնում է, որ Հայրը գիտի մեր կարիքների մասին։ Անշուշտ, այստեղ պետք է նշել, որ երբեմն մեր կարիքները տարբեր են լինում մեր ցանկություններից։ Հայրը գիտի և ուզում է հոգալ մեր բոլոր կարիքները։ Սակայն այդ անելու համար մեզնից մի կարևոր բան է պահանջվում․ մենք պետք է սովորենք փնտրել Աստծու Արքայությունն ու Նրա արդարությունը։ Եվ եթե մենք դա անենք, ապա Աստված մեր խնդրածից ավելին է մեզ տալու։ Մեր խնդրվածքները ավելիով են մեզ տրվելու։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու Արքայությունը խնդրելու և այն փնտրելու իմաստը հասկանալը մարդու երկրային կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքի հաջողությունն ու օրհնությունները կախված են հե՛նց դրանից։ Իսկ ի՞նչ է Աստծու Արքայությունը։ 

«Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի» (Հռոմեացիս 14․17-18):

Տեր Հիսուսը Աստծու Արքայության մասին սովորեցնում էր հետևյալը․ «․․․ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու Արքայությունը հենց ձեր ներսում է» (Ղուկաս 17․21):

Աստծու Արքայությունը Քրիստոսին հավատացող մարդու ներսում է։ Աստծու Արքայությունը Սուրբ Հոգու ներկայությունն է։ Աստծու Արքայությունը այն վայրում է, որտեղ կա Աստծու կամքին հնազանդություն։ Աստծու Արքայությունը Քրիստոսի արժեհամակարգը ընդունելն է և Նրա ուսուցումներով առաջնորդված կյանքն է։ Այն Քրիստոսի շնորհած արդարությունը, Նրա փոխանցած խաղաղությունը և Նրա տված ուրախությունն ընդունելն է Սուրբ Հոգու միջոցով։ 

Աստծու Արքայությունը մեր ներսում է, եթե մեր ներսը համաձայն է Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքների ու ճշմարտությունների հետ և մեր սիրտը փափագում է դրանք ո՛չ միայն ընդունել, այլև վերածել ապրելակերպի ու համոզմունքների։ 

Ահա թե որքա՜ն կարևոր է մեր հոգսերի ու կարիքների համար մտահոգվելու փոխարեն Աստծու Արքայությունը խնդրելու ու փնտրելու վրա կենտրոնանալը։ Աստծու Արքայությունը խնդրելու և այն փնտրելու իմաստը հասկանալը մարդու երկրային կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես