Որո՞նք են ճիշտ հոգևոր առաջնորդի չափանիշները
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Հուսով եմ, որ այս շարքի ուղերձները օգնեցին քեզ ընդունելու հոգևոր առաջնորդ ունենալու կարևորության մասին աստվածաշնչյան ուսուցումները։ Եվ այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ այն աստվածաշնչյան չափանիշներին, որոնց պետք է համապատասխանի ճիշտ հոգևոր առաջնորդը։
Սիրելի՛ Ընկեր, հոգևոր առաջնորդները կարող են շատ տարբեր լինել։ Բացարձակապես կարևոր չէ, որ նրանք լինեն իրար նման, մտածեն նույնատիպ կամ ունենան նույն խառնվածքը։ Նրանք կարո՛ղ են և պե՛տք է տարբեր լինեն, որպեսզի կարողանան աջակցել և հոգևոր առաջնորդության հոգատարությամբ օգնել տարբեր խառնվածքի մարդկանց։
Սակայն եթե հոգևոր առաջնորդը չի համապատասխանում առաջնորդի համար Աստվածաշնչի սահմանած չափանիշներին, ապա նրա առաջնորդության հասցրած վնասները շատ ավելի աղետալի են լինելու, քան անպատրաստ վիրաբույժի կամ ուղևորատար ինքնաթիռի՝ անսթափ վիճակում գտնվող օդաչուի հասցրած վնասները։
Եթե այդ կարևոր մասնագիտությունների տեր մարդկանց գործունեության վնասները աղետալի հետևանքներ կարող են ունենալ այս ժամանակավոր կյանքում, ապա սխալ հոգևոր առաջնորդի հասցրած վնասը կարող է մարդուն տանել դեպի հավիտենական կորուստն ու անվերջանալի տանջանքի իրականությունը։ Հենց նմա՛ն առաջնորդների մասին էր զգուշացնում Տեր Հիսուսը ստորև բերված աստվածաշնչյան հատվածում։
«Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն» (Ղուկաս 6․39):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ի՞նչ չափանիշներ է Աստվածաշունչը սահմանում հոգևոր առաջնորդի համար։ Ինչպիսի՞ որակներ պետք է ունենա արդյունավետ հոգևոր առաջնորդը։ Ինչպիսի՞ հոգևոր առաջնորդներն են վտանգավոր և ինչպիսի՞ հոգևոր առաջնորդն է, որ կարող է նպաստել քո հոգևոր աճին, ամրացմանը և Տեր Հիսուս Քրիստոսի բնավորությանը քո նմանվելուն։
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (Մատթեոս 7․15-20):
Սուտ մարգարեներին զանազանելու Տեր Հիսուսի զգուշացման սկզբունքները կիրառելի են ցանկացած կեղծ հավատացյալի ու նենգավոր մշակի պարագայում։ Վերը բերված զգուշացումը շեշտադրում է չխաբվել առաջին տպավորությունով։ Գառան մորթի հագած գայլերը կարող են հիացնել իրենց առաջին տպավորությամբ։ Ինչպիսի՜ հրաշալի քարոզ․․․ Ինչպիսի՜ տպավորիչ արտաքին․․․ Ինչպիսի՜ բեմական խոսք ու պահվածք․․․ Ինչպիսի՜ խորհրդավորություն․․․ Եվ այլն։
Սակայն Տերը մեր ուշադրությունը կենտրոնացնում է նրանց կյանքի պտուղներին։ Բացարձակապես դժվար չէ նկատել մարդու մեջ աշխարհասիրությունը, փառասիրությունը, փողասիրությունը, «օծյալ» կամ արտոնյալ լինելու ինքնասիրահարվածությունը կամ էլ խոնարհության ու ծառա-առաջնորդ լինելու որակների բացակայությունը։ Այս ամենը պտուղներ են, որոնք ո՛չ մի մարդ չի կարող թաքցնել իր կյանքում։ Տեր Հիսուսը սովորեցնում էր չխաբվել արտաքին դրսևորումներով, որը մորթին է, այլ՝ նայել կյանքի պտուղներին։
«Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր. որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի» (Ա Տիմոթեոս 3․2-7):
Աստվածաշունչը հորդորում է ուշադրությունը սևեռել հոգևոր առաջնորդի բնավորության և մարդկային որակների վրա։ Վստահելի առաջնորդը պետք է առաջին հերթին լավ ամուսին, լավ ծնող և պարզապես լավ մարդ լինի՝ եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա։ Շատ կարևոր է նաև եկեղեցուց դուրս լինող մարդկանց վկայությունը տվյալ մարդու մասին։
Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ կործանվելու են։ Իսկ եթե առաջնորդը համապատասխանում է աստվածաշնչյան վերոհիշյալ սկզբունքներին կամ գոնե ձգտում ու ջանք է անում դառնալ այդպիսին, ապա նրա առաջնորդության ներքո լինող մարդիկ վայելելու են հոգևոր աճի ու պտղաբերության բերկրանքը, ինչպես նաև հոգևոր հաղթանակների և Տեր Աստծու բարեհաճության ցնծությունը։ Իրապես, մեծագույն օրհնություն է Տեր Աստծու ակնկալած կյանքով ապրող հոգևոր առաջնորդի առաջնորդության ներքո հոգևոր ընթացք ունենալը։