Հոգևոր առաջնորդը պաշտպանում է քեզ մոլորություններից
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Աստվածաշնչյան մի կարևորագույն սկզբունք կա, որը որոշում է՝ Աստված տվյալ մարդու կողմի՞ց է, թե՞ նրան հակառակ է գործում։
«Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6)։
Սիրելի՛ Ընկեր, խոնարհ մարդը երբե՛ք չի հրաժարվի հոգևոր առաջնորդի օգնությունից, պաշտպանությունից և խրատներից։ Իսկ հպարտ մարդուն երբե՛ք պետք չէ հոգևոր առաջնորդ։ Հպարտ մարդուն միշտ թվում է, թե ինքն այնքա՜ն խելացի է ու իմաստուն, որ երբե՛ք չի շեղվի ճիշտ ճանապարհից, և ո՛չ մեկի խորհուրդների ու զգուշացումների կարիքը չունի։
Պողոս առաքյալը ուսուցանում էր, որ հոգևոր առաջնորդը պետք է լինի ճշմարիտ վարդապետությանն ամուր կառչած մեկը, քանի որ բազմաթիվ անհնազանդ, դատարկախոս ու խաբեբա քարոզիչներ կան, որոնք հանուն իրենց շահամոլության՝ մարդկանց դեպի իրենց գրավելու նպատակով, ուսուցանում են Աստծու Խոսքին հակառակ բաներ։
«․․․հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։ Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ, որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ» (Տիտոս 1․9-11):
Եթե առաջին դարում արդիական էր կեղծ ուսմունքների վտանգը, ապա երկու հազարամյակ անց՝ համացանցի ու տեղեկության հասանելիության մեր ժամանակներում որքա՜ն վտանգավոր է մոլորությունների ծուղակում հայտնվելն ու ճշմարտության ճանապարհից շեղվելը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հոգևոր առաջնորդը պետք է քեզ պաշտպանի մոլորություններից և քեզ հետ պահի թունավոր հոգևոր սնունդ պարունակող ուսուցումներ ու քարոզներ լսելուց։
Հոգևոր առաջնորդը պետք է ո՛չ միայն ամուր կառչած լինի ճշմարիտ հավատի վարդապետության խոսքին, այլև կարողանա պաշտպանել քեզ Աստվածաշնչին հակասող ուսուցումների մոլորեցնող ազդեցությունից։
Իսկ դու ունե՞ս անմիջական շփում քո հոգևոր առաջնորդի հետ։ Դու նրա հետ կիսվո՞ւմ ես քո մտորումներով, հարցերով և հոգևոր հայտնություններով։ Արդյոք համաձա՞յն ես քո հոգևոր առաջնորդի դավանած վարդապետության և նրա կյանքի սկզբունքների ու արժեհամակարգի հետ։
Երբե՛ք չընկնես մոլորության այն ծուղակի մեջ, թե ինչ-որ բան հոգևոր առաջնորդին թույլատրելի է, իսկ սովորական հավատացյալներին՝ ոչ, քանի որ առաջնորդը «Տիրոջ օծյալն» է։ Իրականում հե՛նց հոգևոր առաջնորդի դավանած վարդապետությունը և աստվածաշնչյան սկզբունքներին համահունչ կյանքն է, որ լավագույն միջոցներն են կեղծ ուսմունքներից հեռու մնալու համար։ Քո հոգևոր առաջնորդի հավատն ու կյանքը պետք է քո օրինակը լինեն նաև մոլորություններից պաշտպանված լինելու հարցում։