• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2026 թ.

Հոգևոր առաջնորդը օգնում է քո հոգևոր աճին

Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Ես երբեմն շփվում եմ մարդկանց հետ, որոնք հավատքի երկար տարիների փորձ ունեն, սակայն, ի զարմանս ինձ, այդ տարիների ընթացքում ջանք ու ժամանակ չեն տրամադրել հոգևոր աճին և Տեր Աստծու հետ իրենց անձնական հարաբերությունն ավելի խորը և մտերիմ դարձնելուն։ 

Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի աշակերտների կյանքում նույնպես լինում են խնդիրներ, դժվարություններ ու ճգնաժամեր։ Սակայն կան ճգնաժամեր, որոնք հետևանք են հավատացյալների հոգևոր մակերեսայնության և հոգևոր հասունության պակասի։ Կան ճգնաժամեր և կյանքի լրջագույն խնդիրներ, որոնք Քրիստոսին հավատացող և եկեղեցու երկար տարիների անդամ հանդիսացող մարդկանց ոչ հոգևոր պահվածքի ու որոշումների հետևանքներ են։ 

«Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում» (Ա Կորնթացիս 3․1-3):

Եթե ուզում ես հոգևորապես աճել, ապա Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների և Աստծու Սուրբ Հոգու շնորհած զորության հետ մեկտեղ քեզ պետք է նաև հոգևոր առաջնորդի հետևողական օգնությունն ու վերահսկողությունը։ Եվ սա Տեր Աստծու սահմանած կարգն է Տեր Հիսուս Քրիստոսին հավատացած և Նրա հավատարիմ աշակերտը դառնալու որոշում կայացրած յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյայի համար։ 

«Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը» (Բ Տիմոթեոս 3․8-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ճշմարիտ հոգևոր առաջնորդը Տեր Աստծուց կարգված ծառայող է, որը պետք է նպաստի քո հոգևոր աճին և հոգևոր հասունացմանն ու կյանքի դժվարությունների հանդեպ հաղթական ընթացք ունենալուն։ Պողոս առաքյալը Սուրբ Հոգով ներշնչված մեզ ուսուցանում է, որ որոշ հավատացյալներ մտքով ապականված են և հավատքի մեջ՝ կեղծ։ Սակայն կան նաև Տիմոթեոսի նման հավատարիմ աշակերտներ, որոնք ուշադիր կերպով հետևում են իրենց հոգևոր առաջնորդների աստվածաշնչյան ուսուցումներին, ծառայության նվիրյալ ընթացքին, դժվարությունների ժամանակ դրսևորած կամքին, անհուսության իրավիճակներում դրսևորած հավատքին, դժվարին իրավիճակների ժամանակ նրանց համբերատարությանն ու բոլորի հանդեպ ունեցած սիրուն։ 

Ինչպես երեխաները դաստիարակվում են ոչ այնքան ծնողների խոսքերի շնորհիվ, այլ՝ նրանց ապրելակերպի ու կյանքի օրինակի, այնպես էլ հավատացյալների հոգևոր աճը կախված է ո՛չ այնքան հոգևոր առաջնորդի փոխանցած ուսուցումներից, որքան հոգևոր առաջնորդի հավատքի կյանքից ու Քրիստոսին հավատարիմ և նվիրյալ ծառայելու նրա օրինակից։ 

Իսկ ո՞վ է ազդել քո հոգևոր աճի վրա։ Ինչպիսի՞ օրինակ է նա թողել քեզ համար քո հոգևոր ընթացքի մեջ։ Առաջարկում եմ այսօր հիշել ու երախտագիտության նամակ ուղարկել այն մարդկանց, որոնք նպաստել են քո հոգևոր աճին ու Տիրոջ հետ մտերմությանը։ 

Իսկ եթե չունես հոգևոր առաջնորդ, որևէ եկեղեցու անդամ չես և դուրս ես մնացել հոգևոր խնամքից, ապա կապ հաստատիր մեզ հետ, և մենք կօգնենք քեզ՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ես ապրում։ Դու ունես հոգևոր առաջնորդի կարիք, որն Աստծու կողմից դրված է, որպեսզի նպաստի քո հոգևոր աճին։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես