Հոգևոր առաջնորդը քո հոգևոր պաշտպանության մի մասն է
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Քանի որ հոգևոր առաջնորդ ունենալու պատվերը հե՛նց Տեր Աստծուց է, ապա մենք պետք է ուշադիր լինենք այն բոլոր հոգևոր օրհնությունների հանդեպ, որոնք բխում են հոգևոր առաջնորդության մասին Տեր Աստծու հաստատած ճշմարտություններից։
Սիրելի՛ Ընկեր, հոգևոր առաջնորդի կամ հոգևոր հովվի կարևորագույն գործառույթներից մեկը Տեր Աստծու կողմից իր խնամքին հանձնված մարդկանց հոգևոր պաշտպանությունն է։ Քո հոգևոր առաջնորդը պետք է անձնուրաց կերպով պաշտպանի քեզ քո կյանքում առկա հոգևոր վտանգներից։ Ահա թե ինչ է հորդորում Պողոս առաքյալը եկեղեցու հոգևոր առաջնորդներին։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ Նա ձեռք բերեց Իր արյունով։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով» (Գործք Առաքելոց 20․28-31):
Հոգևոր վտանգներն անտեսանելի են, բայց ավելի քան իրական։ Եվ հոգևոր առաջնորդները հատուկ հանձնարարություն ունեն պաշտպանելու իրենց առաջնորդության ներքո լինող հավատացյալներին։ Տեր Հիսուսը հոգևոր առաջնորդի կատարյալ օրինակ էր և զգուշացնում էր իրական և կեղծ հոգևոր առաջնորդների մասին։
«Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ Իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում» (Հովհաննես 10․10-13):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հոգևոր առաջնորդի պաշտպանության տակ մտնելու համար կարևոր պայմաններ կան, որոնց կատարման պարագայում դու կլինես հոգևորապես պաշտպանված։
Առաջինը՝ դու պետք համոզվես, որ քո հոգևոր առաջնորդը հնազանդ է Աստծուն և լրջորեն նվիրված է իր առաջնորդության ներքո գտնվող մարդկանց հոգևոր աճով ու հոգևոր պաշտպանությամբ։
Նման հոգևոր առաջնորդը մտահոգված է ո՛չ թե իր առաջնորդության ներքո գտնվող հավատացյալների քանակով, այլ նրանց հոգևոր առողջությամբ, աճով ու հասունությամբ։ Նման առաջնորդը իր կյանքն է դնում հանուն իր առաջնորդության ներքո լինողների։ Նա վարձկան չէ, որ առաջնորդություն է անում իր շահի համար, այլ Բարի Հովվի օրինակով ծառայող մեկն է, որ կանգնում է գայլերի և հոտի միջև ու պաշտպանում վտանգի առջև կանգնած հավատացյալներին։
Երկրորդը՝ պետք է համոզվես, որ դու հնազանդ ես քո հոգևոր առաջնորդին և ո՛չ ապստամբ ես, ո՛չ ծույլ, ո՛չ տրտնջացող ու ո՛չ էլ բամբասող։ Դու պետք է լինես կարգապահ, հավատարիմ ու հնազանդ աշակերտ։ Դու պետք է պատվես քո հոգևոր առաջնորդին և լինես նրա հետ միաբանության մեջ։
Երբ հոգևոր առաջնորդը հնազանդ է Աստծուն և գործում է Տիրոջ կամքի մեջ, նրան չհնազանդվելը ապստամբություն է Աստծու դեմ։ Երբ հոգևոր առաջնորդը հնազանդ է Աստծուն և գործում է Տիրոջ կամքի մեջ, նրան հնազանդվելը Տեր Աստծու կամքն է և իրական հոգևոր պաշտպանություն է բերում հավատացյալի կյանքի մեջ։ Իսկ դու ունե՞ս հոգևոր առաջնորդ․․․