Հոգևոր առաջնորդը քո խորհրդատուն է
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու հե՛նց այս կարևորագույն թեմային։
Սիրելի՛ Ընկեր, շատ շատերը հավատում են Աստծուն, սակայն չեն կարևորում Աստծու Խոսքի փոխանցած բազմաթիվ ճշմարտություններ։ Այդպիսի ճշմարտություններից մեկն էլ հոգևոր առաջնորդ ունենալու կարևորության մասին Աստվածաշնչի փոխանցած հորդորն է։ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդու կյանքում կարևորագույն դերակատարում ունեն եկեղեցին և եկեղեցու հոգևոր սպասավորները, որոնք ամեն բան պետք է անեն հավատացյալի հոգևոր ամրացման, աճի ու պտղաբերության հարցում։
«Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի» (Առակաց 11․14):
Առանց առաջնորդության մարդը կարող է հեշտությամբ խաբվել ու շեղվել ճշմարտության ճանապարհից։ Առանց հոգևոր առաջնորդի խորհրդատվության բազմաթիվ նվիրյալ հավատացյալներ ընկել են տարբեր ուսուցումների ու կեղծ ուսուցիչների մոլորությունների ծուղակը։ Հոգևոր առաջնորդը պետք է քո լավագույն խորհրդատուն լինի։
Անշուշտ, շատ են ինքնահռչակ հոգևոր առաջնորդներն ու մյուսներին առաջնորդելու անպատրաստ մարդիկ, որոնք առաջնորդության դիրք են ստանձնում։ Նրանց գործունեությունը ծաղկում է հատկապես համացանցում։ Տեր Հիսուսը զգուշացնում էր նման մարդկանց հասցրած հոգևոր վնասների ու նրանց գործունեության վտանգների մասին։
«Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն» (Ղուկաս 6․39):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սխալ հոգևոր առաջնորդ ունենալը բավականին վտանգավոր մի բան է։ Սակայն պակաս վտանգավոր չէ նաև առանց հոգևոր առաջնորդության մնացած միայնակ քրիստոնյան։ Աստվածաշունչը հստակ նշում է, որ Տեր Հիսուսն է եկեղեցում առաջնորդներ կարգել։ Հոգևոր առաջնորդությունը մերժելը նշանակում է մերժել Տեր Հիսուսի դրած կարգը։
«Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4․11-15):
Ինքնուրույն հոգևոր կյանքը Տեր Աստծու կամքը չէ։ Նրա կամքը եկեղեցին է և հոգևոր ընտանիքը։ Իսկ դու ունե՞ս հոգևոր առաջնորդ, որը հասանելի է քեզ և քո իրական խորհրդատուն է քո կյանքի պայքարների, ճգնաժամերի և հոգևոր ընթացքի մեջ։ Դու ունե՞ս հոգևոր առաջնորդ, որը քո կողքին է և իր խորհուրդներով օգնում է քո հոգևոր աճի ու կարևոր որոշումներ կայացնելու հարցում։ Դու հնազա՞նդ ես եկեղեցու վերաբերյալ Տեր Հիսուսի դրած կարգին․․․
Հոգևոր առաջնորդը չպետք է լինի անհասանելի «օծյալ» մեկը, որը քո հոգսերով ապրելու և քեզ հոգևոր խորհուրդներով օգնելու ժամանակ չունի։ Հոգևոր առաջնորդը պետք է լինի քո խորհրդատուն։