• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 ապր 2026 թ.

Փրկությունը Տեր Աստծու մեծագույն պարգեւն է

Հրապարակման ամսաթիվ 26 ապր 2026 թ.

Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Վերջին դասը, որը կընդունենք այս հրաշալի սաղմոսի մեր ուսումնասիրած հատվածից, վերաբերում է Տեր Աստծուց ընդունած փրկության համար կրկին և կրկին գոհանալուն։ Սակայն մինչ այս կարևորագույն թեմային անդրադառնալը հիշենք, որ Քրիստոսի մեջ Աստծու լույսն ու ճշմարտությունն են, որ մեզ առաջնորդում են Աստծու հետ հաշտության և Նրա ներկայության վայելքն ընդունելուն, որտեղ կան զոհասեղանի օրհնյալ իրականությունն ու Տիրոջն ուղղված փառաբանության վայելքը։ Այստեղ է, որ տեղ չկա տրտմությանը, քանի որ Աստծու ներկայությունը վայելող մարդը միշտ իր հույսն Աստծու վրա է դնում։ 

«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):

Սիրելի՛ Ընկեր, այս երկրային կյանքի ընթացքում դժվար է ընկալել այն աստվածաշնչյան ճշմարտությունը, որ եթե մարդը, բացի փրկությունից, Աստծուց ուրիշ որևէ այլ բարիք չընդունի, ապա փրկության փաստը բավարար է, որպեսզի մարդու կյանքը լցված լինի այնպիսի անսպառ գոհությամբ, որը որևէ տեղ չի թողնում դժգոհության ու տրտունջի համար։ Դժվար է ընկալել, եթե տեսնում ենք միայն մեր կարիքները, և բացարձակապես դժվար չէ, եթե առաջնորդվում ենք ո՛չ թե մեր աչքերի տեսածով, այլ Աստծու Խոսքի փոխանցած հոգևոր ճշմարտությունների հանդեպ անսասան հավատքով։ 

Անշուշտ, Աստված սիրող Հայր է և Իր զավակներին բազմաթիվ բարիքներ ու պարգևներ է շնորհում, որոնց գագաթնակետն անվիճելիորեն փրկության իրողությունն է։ Սակայն եթե անգամ միայն փրկությունը լիներ Աստծուց ստացած մեր բարիքը, ապա փրկության հետ մենք արդեն իսկ ունենք ամենը՝ որպես Տեր Աստծու ընտանիքին որդեգրված զավակներ և Քրիստոսի ժառանգակիցներ։ 

«Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն Ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից կլինենք» (Հռոմեացիս 8․12-17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի լույսն ու ճշմարտությունը Նրան հավատացողներին և Նրա իշխանությունն իրենց կյանքերի վրա ընդունողներին ուսուցանում և օգնում են, որպեսզի նրանք չապրեն ըստ մարմնի, այլ հոգով սպանեն մարմնի գործերը։ Նման մարդիկ են, որ իրենց որոշումների ու վարքագծի մեջ առաջնորդվում են ո՛չ թե սեփական ցանկություններով ու պատկերացումներով, այլ Աստծու Սուրբ Հոգով։ Թեև հոգևոր կյանք ապրելը այս չար աշխարհում այնքան էլ դյուրին գործ չէ, սակայն նույն Սուրբ Հոգին վկայում է, որ փրկությունն ընդունած մարդիկ, որ Հոգով են առաջնորդվում, Աստծու որդիներ են՝ Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ։ 

Փրկությունն ընդունած մարդիկ հավատում են մեղքի ու մահվան մասին Տեր Հիսուսի ուսուցումներին ու զգուշացումներին։ Փրկությունն ընդունած մարդիկ հավատում են Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքներին ու պատվիրաններին։ Նրանք իրենց հավատքը ապացուցում են Քրիստոսի խոսքերի հանդեպ իրենց հնազանդության փափագով։ Հե՛նց այսպիսի մոտեցում ունեցողներն են, որ հավատում են Աստծու Որդուն։ 

«Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, Նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց Իր Որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք» (Ա Հովհաննես 5․10-13):

Կրկին ու կրկին պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Իսկ դու հավատո՞ւմ ես Աստծու Որդուն։ Դու ընդունե՞լ ես Տեր Աստծու փրկությունը։ Քո կյանքը փրկությունն ընդունած մարդու անսպառ գոհության ապացո՞ւյց է, թե՞ տրտունջի ու դժգոհության անվերջանալի մի եղերերգ, որի պատճառը այս երկրային կյանքի պակասություններն են և անարդար աշխարհի պատճառած չարչարանքները։ 

Կրկին ու կրկին պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից կլինենք։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես